Մատչելիության հղումներ

Ժամկետից շուտ ՀՀԿ-ի կողմից պաստառների տեղադրումը «օրենքի ակնհայտ խախտում է»


Ըստ դիտորդների, ՀՀԿ-ի կողմից մինչ քարոզարշավի մեկնարկը 5 քմ-ից ավելի մակերես ունեցող վահանակների տեղադրումը օրենքի խախտում է
Ըստ դիտորդների, ՀՀԿ-ի կողմից մինչ քարոզարշավի մեկնարկը 5 քմ-ից ավելի մակերես ունեցող վահանակների տեղադրումը օրենքի խախտում է

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի պարզաբանմամբ, «խնդիրը միգուցե տեխնիկական է և ոչ՝ քաղաքական»:

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված՝ Երևանի մի շարք փողոցներում գովազդային մեծ վահանակների և որոշ շենքերի վրա արդեն իսկ հայտնվել են նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և իշխող Հանրապետականի համապետական ցուցակը գլխավորող՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Երևաի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկարներով պաստառներ։

Թեև ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մինչև 5 քմ-ը չգերազանցող պաստառների տեղադրումը Ընտրական օրենսդրության խախտում չէ, սակայն, գովազդային վահանակներւ տեղադրող «Նուշիկյան» ասոցիացայի ներկայացրած տվյալներով, ճանապարհներին տեղադրված վահանակների նվազագույն մակերեսը 18 քմ է։ Հանրապետականի առաջին դեմքերի լուսանկարներն այդ չափի վահանակների վրա արդեն տեղադրված են:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այստեղ օրենքի «ակնհայտ խախտում» է տեսնում։ «ԿԸՀ-ն պարտավոր է անհապաղ պահանջել՝ վերացնել այդ պաստառները և հեռացնել: Այդ խախտումները մեր կողմից էլ են արձանագրվելու, մենք էլ ենք հրապարակելու: Կոնկրետ դեպքերով պահանջներ կներակայցնենք, բայց ի վերջո կարևոր է այն, որ ԿԸՀ-ն չսպասի մեր ահազանեգերին, ինքը այդ ակնառու խախտումները վերացնելու ուղղությաբ քայլեր կատարի»,- ասաց Սաքունցը:

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, հայտարարում է՝ իրենք քարոզչությունը դեռ չեն սկսել՝ «Մենք քարոզչություն դեռ չենք սկսել, եթե կա խնդիր, ապա դա միգուցե տեխնիկական է և ոչ քաղաքական»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թեև չդատապարտեց քարոզարշավին ընդառաջ իշխող կուսակցության նման վարքագիծը, բայց հավելեց՝ իրենց կուսակցությունում նկարներով ցուցադրվելու մոլուցքով քչերն են տառապում։ «Մինչև հիմա մեր մեծադիր նկարներից ոչ մի տեղ չեք տեսնի, սա նաև մարդու ցանկություններից է, տեսակից է, ոճից է»,- ասաց Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG