Մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Նիկոլայ Մադոյանը փետրվարի 10-11-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մի յուրօրինակ ռեկորդ է սահմանել․ համաշխարհային դասականների ավելի քան 60 ստեղծագործությունները նվագել է 33 ժամ 2 րոպեի անընդմեջ՝ ամեն ժամը մեկ 5 րոպեանոց դադարներով:
Այս ռեկորդը կարող է գրանցվել նաև Գիննեսի գրքում․ համենայն դեպս, հայտարարագիրն ուղարկված է, և ջութակահարը պատասխանի է սպասում:
Ռեկորդն արդեն գրանցվել է հայկական Դյուցազնագրքում, որի հեղինակը՝ Վարդան Թովմասյանն տեղեկացրեց, որ սա Գիննեսի գրքում տեղ գտնելու Նիկոլայ Մադոյանի առաջին փորձը չէ․ - «Երեք տարի առաջ նա սահմանեց մի շատ ունիկալ ռեկորդ․ 3 ժամ 25 րոպեում նա նվագեց Պագանինիի վեց կոնցերտները, որը համարվում է աշխարհի ամենաբարդ գործերից մեկը, քանի որ ամեն համերգին երկու գործից ավելի չի նվագում ջութակահարը: Իսկ Նիկոլայը 3 ժամ 25 րոպեում, 23 րոպե մեկ ընդմիջումով, առանց նոտաներին նայելու նվագեց: Ընդմիջումից հետո օրկեստրի կեսը փոխվեց, քանի որ այդ տեմպին, ծանրաբեռնվածությանը չդիմացան: Ներկայացված է Գիննեսի հանձնաժողովին․ ամեն անգամ ասում են՝ սպասեք, հեսա կհայտնենք անցել է թե չի անցել»:
Այս ռեկորդին, Թովմասյանի խոսքով, հաջորդել է մեկ այլ ուշագրավ ռեկորդային կատարում․ - «Մեկ րոպե տևողությամբ անգլիացի մի ջութակահար էլեկտրոնային ջութակով նվագել էր Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը: Նիկոլայի ջանքերով այդ ռեկորդը դարձրինք 54 վայրկյան»:
Իսկ այսօրինակ ռեկորդ՝ 32 ժամ, սահմանել է հնդիկ ջութակահար Աթիտա Կրիշնան 2003 թվականին, և դրանից հետո միայն Նիկոլայ Մադոյանն է ահա, որ մեկ ժամով գերազանցել է հնդիկ ջութակահարի ռեկորդը:
«Նաև գեղարվեստական [բացի ֆիզիկականից] նպատակներ ունեի ես: Նվագել եմ նաև հայկական ստեղծագործություններ՝ Բաղդասարյանի «Նոկտյուրը» և Կոմիտասի «Քելե ցոլերը», «Կռունկը» և «Ծիրանի ծառը», - ասաց Մադոյանը:
Նիկոլայ Մադոյանը, ում ողջ տարին հագեցած է հյուրախաղերով աշխարհի լավագույն բեմահարթակներում, առաջիկայում նախատեսում է համերգով հանդես գալ Երևանում: