Մատչելիության հղումներ

«Հաց բերող»-ին ազատ արձակելու դիմումը քննարկման փուլում է․Դատախազություն


Բողքի գործողություն «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով, Երևան, 18-ը փետրվարի, 2017 թ․
Բողքի գործողություն «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով, Երևան, 18-ը փետրվարի, 2017 թ․

«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու 26 պատգամավորների դիմումը քննարկման փուլում է, որոշում առայժմ չի կայացվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեցինց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Արթուր Սարգսյանը փետրվարի 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել և չնայած առողջության վատթարացմանը, հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Այժմ նա դատապարտյալների հիվանդանոցում է։ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ փետրվարի 27-ից շուրջօրյա նստացույց են անում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Սարգսյանին։

Օրեր առաջ 26 խորհրդարանականներ նամակ էին հղել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրենց երաշխավորությամբ կալանքից ազատել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանին: Վերջինիս, հիշեցնենք, հաջողվել էր իր ավտոմեքենայով ճեղքել ոստիկանական պատնեշն ու սնունդ տանել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, որոնք 2016-ի հուլիսի 17-ին Երևանում գրավել էին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։

Այնտեղից նա դուրս էր եկել զինված խմբի անդամների հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին։ Նրան ևս կալանավորել էին, սակայն, անցած դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, ազատ էին արձակել: Ըստ փաստաբանների, «Հաց բերողը» մի շարք լուրջ հիվանդություններ ունի, մինչդեռ, փետրվարի 9-ին նրան ՀՔԾ-ի միջնորդությամբ դարձյալ կալանավորեցին: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Մինչդեռ, Սարգսյանի փաստաբանի հավաստմամբ, իրենք քննիչին նախապես տեղյակ էին պահել չներկայանալու մասին և առաջարկել՝ փոխել հանդիպման օրը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկը այսօր հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող և հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին: ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, ուսումնասիրվել է նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG