«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ, Հանրապետական կուսակցության կամ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, «որոնց համար սովորական կենցաղը բռնություններով անընդհատ զուգորդված կենցաղն է, բնական է, որ այս անգամ ոչ թե ընդդիմության դեմ են պայքարելու, այլ պայքարելու են իրար դեմ»։
«Նախ մեթոդներն են նույնը, ռեսուրսներն են նույնը՝ նկատի ունեմ փողի ռեսուրսը։ Գաղտնիք չէ, որ փող է բաժանվում այսօր, և փող բաժանողը փող բաժանողի դեմ է կռվելու, եթե միտք չունի այդ մարդը: Որ միտքը հրամցնի ընտրողին՝ այդ դեպքում կռիվ չէր լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոքոբելյանը։
«Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդը շատ վիրավորական է համարում, որ վերոնշյալ ներկայացուցիչները մտածում են, թե 20 հազար դրամով կարող են ընտրողներին գնել։ «Դա այդպես չի լինելու այս անգամ, ոնց որ նախկիններում, չեմ ասում՝ նման բան չի լինելու, բայց թիվը փոքր է լինելու՝ օրը 12 դրամից էլ քիչ դրամով իրենք ցանկանում են խլել մեր քաղաքացիների ապագան։ Իրենց պայքարը հենց դրա համար է, ուրիշ ոչինչ», - ասաց Քոքոբելյանը։
Դիտարկմանը, թե «Ազատ դեմոկրատներ»-ը արշավը տանելու է դեպի եվրոպական ասոցացում, եվրոպական մոդելի պետություն, և հարցին, թե որտե՞ղ էին իրենց ընտրողները, եթե, օրինակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարում հազիվ երկու տասնյակ մարդ էր փողոց դուրս գալիս, Քոքոբելյանը պատասխանեց. - «ԵՏՄ-ի դեմ պայքարում այդպես չէր, որ դուրս եկան երկու տասնյակ։ Շատ արտահայտվողներ կան, շատ խոսացողներ եղան, կային նաև հատուկ մարդիկ, որոնք ամեն ինչ անում էին, որ ցույց տային, որ ԵՏՄ-ի դեմերը շատ քիչ են։ Ցանկացած սոցիոլոգիական հարցում, ի դեպ, դրա մասին խոսում են նաև, ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում, հատկապես քառօրյա չարաբաստիկ պատերազմից հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մեծ զանգված՝ նույնիսկ խոսվում է 40 տոկոս և ավելիի մասին, ովքեր հասկացան, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ»։ «Ես ասում եմ, որ ի տարբերություն մյուս ութ քաղաքական ուժերի, և ի սեր Աստծո, դա իրենց գործն է, ոչ մեկին վատաբանելու ցանկություն չունեմ, եթե նրանք համոզմունքով այդպես են կարծում, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ ռեալ առաջարկում ենք այլընտրանք այսօրվա իշխանություններին, և մենք կարող ենք այդ այլընտրանքով ապահովել Հայաստանի զարգացումը, և ո՞րն է այդ այլընտրանքը՝ Եվրոպական ընդհանուր միությունը, այսինքն՝ մեր կուսակցության համար և մեր գործընկերների համար դա նաև ծրագրային դրույթ է, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության լիիրավ անդամ», - ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո որևէ ուժի կամ ուժերի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորության հարցին՝ Քոքոբելյանը հստակ նշեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ը Հանրապետական կուսակցության հետ որևիցե պարագայում կոալիցիայի չի գնա։
«Դա հստակ է և անքակտելի՝ բոլոր առումներով։ Մենք կգնանք կոալիցիաների, եթե ընդունեն այն ուժերը, որ իրենք համակարծիք են, որ Հայաստանի զարգացման հնարավորությունը եվրոպական ուղղվածության մեջ է։ Դա այն պայմանն է, որտեղ մենք չունենք բառացիորեն կոմպրոմիս», - ընդգծեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․