Մատչելիության հղումներ

Ջեֆ Սեշընզի շուրջ ծագած սկանդալը, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի գլխացավանքը չէ»


ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզ, փետրվար, 2017թ․
ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզ, փետրվար, 2017թ․

Մոսկվան քննադատում է ամերիկյան լրատվամիջոցների աշխատանքը:

Ռուսաստանը չի ցանկանում մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամներից արդարադատության նախարարի շուրջ ծագած սկանդալը:

Նախարար Ջեֆ Սեշընզը, The Washington Post-ի պնդմամբ, անցյալ տարի նախընտրական ժամանակաշրջանում երկու անգամ հանդիպել է Ամերիկայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին, սակայն Սենատում իր թեկնածության հաստատման հարցով լսումների ընթացքում այդ փաստը թաքցրել է:

Դեմոկրատ սենատորներն այժմ պահանջում են Սեշընզի հրաժարականը: Նրանք առաջարկում են նաև մեկ ուրիշ տարբերակ, պնդելով, որ նախարարը պետք է ինքնաբացարկի հայտարարությամբ հրաժարվի ամերիկյան ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հարցով արդարադատության նախարարության վարած հետաքննությանը մասնակցելուց:

«Ես ոչինչ չգիտեմ այդ հանդիպումների մասին: Բայց դուք պետք է հասկանաք, որ դեսպանի աշխատանքն է՝ մասնակցել որքան հնարավոր է մեծ թվով հանդիպումների, այդ թվում՝ հյուրընկալող պետության գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ»,- երեկ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Խոսնակի փոխանցմամբ, այդ խնդիրը «ռուսների գլխացավանքը չէ»:

Սեշընզը նախընտրական ամիսներին աշխատել է որպես թեկնածու Թրամփի խորհրդական: Երբ Սենատի լսումների ընթացքում նրան հարցրել են, թե արդյո՞ք ինքը տեղյակ է ռուսական կողմի հետ նախընտրական շտաբի ներկայացուցիչների հնարավոր շփումների մասին, նա ասել է, որ այդօրինակ տեղեկություններ չունի:

Մարտի 1-ին արդարադատության նախարարը հայտարարել է, որ նախընտրական շրջանում երբեք ռուսների հետ ընտրարշավին առնչվող հարցեր չի քննարկել:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է այս թեմային և քննադատել է ամերիկյան մամուլի հրապարակումները: «Այն, ինչ հիմա կատարվում է ամերիկյան լրատվամիջոցներում, պարզապես խայտառակություն է»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան և արևմտյան մամուլը պարզապես զբաղված են հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելով: «Գլխավոր թիրախն ամերիկյան հանրությունն է»,- ասել է Մարիա Զախարովան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ջեֆ Սեշընզը հրաժարվել է մասնակցել ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության հարցով հետաքննությանը։ Նախարարը հայտարարել է, թե ծանոթացել է այդ հարցով բոլոր փաստաթղթերին և նման որոշում կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG