Մատչելիության հղումներ

«Ինտերպոլ»-ը մերժել է ԼՂ այցելած գիտնականների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու՝ Ադրբեջանի դիմումը


Ըստ «Ինտերպոլ»-ի Հայստանի բյուրոյի ղեկավար Արա Ֆիդանյանի, կառուցի գլխավոր քարտուղարությունը, հիմնավոր համարելով իրենց պարզաբանումը, դիմել է անդամ երկրներին՝ տեղեկացնելով, որ նշված գիտնականների նկատմամբ հետախուզում իրականացնելու անհրաժեշտություն չկա։

2002 թվականից Ղարաբաղի Ազոխ գյուղում հնագիտական պեղումներ իրականացրած հայաստանցի, իսպանացի և բրիտանացի գիտնականների գործողությունների հիմքով Ադրբեջանի դատախազությունն այս տարվա փետրվարին քրեական գործ էր հարուցել։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով՝ հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը, հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը, հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը, պետության դեմ ուղղված հանրային կոչեր անելը և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելը:

«Ինտերպոլ»-ի Հայաստանի կառույցի ղեկավար Արա Ֆիդանյանի հավաստմամբ, հայկական բյուրոյի պարզաբանումը միջազգային կառույցը հիմնավոր է համարել։ Գլխավոր քարտուղարությունն այնուհետև դիմել է անդամ երկրներին ու տեղեկացրել, որ նշված գիտնականների նկատմամբ հետախուզում իրականացնելու անհրաժեշտություն չկա։

«Հիմնավորումն էլ այն էր, որ այդ տարածքը, բնականաբար, չի համարվում Ադրբեջանի տարածք, ավելին՝ իրենց քրեական օրենսգրքի հոդվածն այդպիսինն է՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք, ինչը, բնավ, այդպես չէ: Մեր մյուս հիմնավորումն այն էր, որ որևէ քաղաքական ենթատեքստ գիտնականների գործունեության մեջ առկա չի եղել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆիդանյանը:

Նրա պնդմամբ, Ադրբեջանը փորձ է արել «Ինտերպոլ»-ն օգտագործել քաղաքական հարցեր լուծելու համար, ինչը կառույցի կանոնադրությամբ արգելված է։ Այն, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, համոզված է նաև Ադրբեջանի թիրախում հայտնված գիտնականներից Լևոն Եպիսկոպոսյանը։ «Վերջիվերջո քաղաքական ենթատեքստ է, այսինքն, Արցախի դիրքը հզորացնում է․ Արցախը հանդես է գալիս ոչ միայն որպես պաշտպանվող պետություն, այլ նաև արարող, ստեղծող պետություն, որտեղ միջազգային մակարդակի աշխատանքներ են կատարվում»,- ասում է հայ գիտնականը:

Ադրբեջանի ուշադրության կենտրոնում գիտական խումբը նախկինում էլ է եղել։ Ազոխի քարանձավում հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական խումբը գիրք է հրատարակել, որի դեմ Ադրբեջանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից։ «Ինքը ոչ մի պատասխան չստացավ մեր հայ պատգամավորների կողմից, ոչ մի պատասխան: Գիտեք, մի քիչ անպաշտպան ես զգում այդ դեպքում քեզ, եթե քո պետության ներկայացուցիչները քեզ թիկունք չեն կանգնում»,- շարունակեց Լևոն Եպիսկոպոսյանը:

«Ազատությունը» զրուցեց նաև Լեռնային Ղարաբաղում աշխատած ու Ադրբեջանի թիրախում հայտնված իսպանացի գիտնական Յոլանդա Ֆերնանդես Խալվոյի հետ։ Իսպանիայի Բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտողը նշեց, որ առայժմ մեկնաբանություններից զերծ կմնա, չպատասխանեց նաև հարցին՝ արդյո՞ք կրկին կայցելի Լեռնային Ղարաբաղ։ Իսկ իրենց գործընկեր Լևոն Եպիսկոպոսյանի հետ զրույցում, գիտնականները մտահոգություն են հայտնել: «Նրանք մտահոգված են, որ այսօր՝ 21-րդ դարում դեռ կան քաղաքական գործիչներ, կան պետություններ, որոնք փորձում են հետապնդել այն մարդկանց, որոնք ուղղակի իրենց աշխատանքն են կատարում»,- ասաց Եպիսկոպոսյանը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակիցն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղում իրենց կատարած աշխատանքը վերքղաքական ու անգամ վերազգային է՝ «Եթե դա լիներ, ասենք, կապված մի էթնոսի հետ, կամ ինչ-որ մշակույթի հետ, գուցե նման կասկածներ կառաջանային, բայց սա համաշխարհային է․․․100 հազար տարի առաջ այստեղ նույնիսկ մարդ բանականը չի ապրել»:

«Ինտերպոլ»-ի տեղեկացմամբ, Հայաստանը պարզաբանում է ներկայացրել նաև ԼՂ Սահմանադրության հանրաքվեն դիտարկած ԵԽ երեք պատգամավորների առնչությամբ, թեև Ադրբեջանն ընդամենը մտադրություն էր հայտնել նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի գնահատմամբ, Ադրբեջանի մեղադրանքները շինծու և սին են ու որևէ հեռանկար չունեն։

«Չեմ կարծում, որ թե՛ Լապշինի գործով, թե՛ այս գործով Ադրբեջանն ինչ-որ բան է շահել, հակառակը՝ Ադրբեջանի առանց այդ էլ շատ ցածր մակարդակի վրա գտնվող հեղինակությունը տուժել է: Արցախ այցելություններն էլ ինչպես եղել են, այնպես էլ շարունակվելու են ու բազմապատկվելու են»,- «Ազատությանն» ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Լևոն Եպիսկոպոսյանի հավաստմամբ, խմբում իսպանացի Յոլանդա Ֆերնանդեսի և բրիտանացի Տանյա Քինգի ներկայությունը դեռ քննարկվում է վերջիններիս գիտական հաստատություննորում, սակայն, արդեն հստակ է, որ միջազգային գիտական խումբը չի դադարեցնելու պեղումները Լեռնային Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG