Մատչելիության հղումներ

Կայացավ Կիպրոսի օֆշորի գործով հերթական դատական նիստը


Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը այսօրվա նիստում «Ամերիա» բանկին մեղադրեց չարաշահումների մեջ։

Նրա խոսքով, առանց այն էլ խարդախության զոհ դարձած գործարարը տուժել է նաև բանկի գործողությունների արդյունքում։

Փայլակ Հայրապետյանը, հիշեցնենք, գույքը գրավ էր դրել, ստացված գումարն էլ փոխանցել Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու համար։

Լուսինե Աղլամազյանը պնդում է՝ երկու միլիոն դոլար և 30 միլիոն դրամ «Ամերիա» բանկն ապօրինի է բռնագանձել․ - «Առկա են բանկի կողմից տրված երեք տեսակի տվյալները, որոնք ոչ մեկը ոչ մեկին չեն համապատասխանում, առկա են ահռելի թվով գումարներ: Դեռևս այս ամենից էլ ելնելով, բանկը իր կողմից ունի լրացուցիչ բռնագանձման հայցապահանջ, որ խոստանում է ինքը բռնագանձել Փայլակ Հայրապետյանի կողմից գրավադրված Ծովազարդ համայնքում անշարժ գույքը և Այգեստան փողոցում գտնվող անշարժ գույքը»:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչն այսօր դատարանում միջնորդեց, որպեսզի դատահաշվապահական փորձաքննություն անցկացվի։ Փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանի պաշտպանը նկատեց, որ բանկի սխալ գործելակերպի պատճառով իր պաշտպանյալը ևս տուժել է։ Սուքիասյանի ընկերությունը սնանկ է ճանաչվել, սակայն դրանից հետո էլ բանկը շարունակել է տոկոսների բռնագանձման պահանջ ներկայացնել։

Դատախազն առաջարկեց մերժել միջնորդությունը, դատավորն էլ ասաց՝ սա գործի հետ կապ չունի։

Հայրապետյանը նախկինում հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է Աշոտ Սուքիասյանի անունով։ Նա պնդում է, որ ստացված գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցվել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Ամբաստանյալ Սուքիասյանը հերքում է օֆշորում գրանցված ընկերությունների միջոցով փողերի լվացման՝ իրեն վերագրվող արարքը։ Ասում է, թե իրականում ինքն է տուժել, քանի որ վարկը ժամանակին չի տրամադրվել․ - «Բոլոր ծախսերը նպատակային են եղել․․․ Միայն ինձ զարմանալի թվաց, որ վարկը ստացանք չորս ամիս հետո, բանկը պայմանը փոխեց․ 12 տոկոսը դարձրեց 15 տոկոս: Այն դեպքում, երբ որ ընդամենը չորս միլիոն դոլար էր տվել: Եվ պահանջում է, որ մուտքերը լինեին երկու միլիոն: Եթե նոր ներդրում էինք մենք սկսել, ինչպե՞ս կարող էր մուտքերը լինել երկու միլիոն»:

Փայլակ Հայրապետյանը նախկինում բազմիցս նշել է, որ իր ունեզրկման մեղավորները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են։

Վկաներից Արփի Բալյանը, ով Սուքիասյանի ընկերություններից մեկում հաշվապահ է աշխատել, դատարանում ավելի վաղ ասել էր, որ կիպրոսյան փաստաթղթերի մեջ տեսել է Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի անձնագրերի պատճենները։

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը նախկին վարչապետի հետ իր անմիջական կապը մշտապես հերքել է։ Նրա պնդմամբ՝ առանց Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, նրանց բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները։

Նախկին վարչապետի ու բարձրաստիճան հոգևորականի անունները դատարանում այսօր նորից հնչեց։ Սուքիասյանի պաշտպան Խաչատրյանը միջնորդեց գործին կցել դատական երկու վճռներ, ըստ որոնց Փայլակ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել Տիգրան Սարգսյանին զրպարտելու մեջ։

Դատավորը, սակայն, հարկ չհամարեց վճիռները գործին կցել, ասելով, թե դատական այս գործում Տիգրան Սարգսյանի անունը չկա, և նրա հետ կապված փաստաթղթերն անհրաժեշտ չեն։

Կիպրոսյան օֆշորի այս գործը, որը 33 հատորից է բաղկացած քննվում է ավելի քան չորս տարի։

XS
SM
MD
LG