Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը չի շտապում բացել փակագծերը, թե՝ արդյոք Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում եղե՞լ է նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, սակայն չի պնդում, որ հարցը չի քննարկվել:
«Կոնկրետ օրակարգում լինել-չլինելու մասին չեմ կարող ասել, բայց ցանկացած հարց, որը վերաբերում է հայկական կողմին, իհարկե, քննարկվում է», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը: - «Ուղղակի հիմա հայտարարել ինչ-որ մի բանի մասին, որը դեռ կոնկրետ արդյունք չկա՝ վաղաժամ է», - հավելեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:
Հայաստանի վարչապետը Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է՝ Ռուսաստանը Վրաստանին, ապա նաև Հայաստանին կապող Լարսի անցակետին այլընտրանք լինելու է։ Կարեն Կարապետյանի այս հայտարարությունից հետո վրացական ընդդիմությունը օրեր քարկոծեց իրենց իշխանություններին՝ կասկած հայտնելով, որ Հայաստանի վարչապետի մատնանշած այլընտրանքային տարբերակներից մեկը Աբխազիայով անցնող երկաթուղին է: Վրաստանի կառավարությունը հերքում էր լուրերը: Ի վերջո՝ երեկ նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում հերքեց, թե քննարկել են աբխազական երկաթուղու հարցը:
«Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ այլընտրանք լինելու է, բայց այլընտրանքը եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսեթիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որը ռեալ այլընտրանք է և կարող են ուրիշ այլընտրանքներ էլ լինել», - այսօր արդեն հայտարարեց Վահրամ Մարտիրոսյանը:
Տարվա մեջ մի քանի անգամ ձյան, վատ եղանակի ու փլուզումների պատճառով փակվող Լարսի անցակետը շրջանցելու համար օգտագործվում է նաև ջրային ճանապարհ՝ բեռները Ռուսաստանից Վրաստան են տեղափոխվում լաստանավերով, ինչը, ըստ գործարարների, ցամաքայինից շատ ավելի թանկ ճանապարհ է:
«Կար առաջ [լաստանավերով բեռնափոխադրում], որը ոչ կանոնավոր է, մի քանի ամիսը մեկ էր լինում: Հիմա կանոնավորվել է, ամիսը 3 անգամ լաստանավը կազմակերպված է և ստացել ենք մեծ զեղչեր», - նշեց Վահրամ Մարտիրոսյանը: - «Դա «Հարավկովկասյան երկաթուղիներն» են ձեռք բերել այդ պայմանավորվածությունը, ստացել են մեծ զեղչեր: Հայաստանը նորից հարց է բարձրացրել մնացած ուղղություններով զեղչեր ստանալու համար», - հավելեց նախարարը:
Իր հերթին նաև «Հարավկովկասյան երկաթուղին» հաղորդագրություն տարածեց, որ սակագները զգալիորեն իջեցվել են Ռուսաստանից Հայաստան և հակառակը երկաթուղային բեռանփոխադրում իրականացնողների համար։ Այնուամենայնիվ, չլուծված է մնում Հայաստանից Ռուսաստան և հակառակը մեքենաներով բեռ փոխադրողների թիվ մեկ խնդիրը՝ ինչ անել, երբ սողանքից փլուզվում և ձյան պատճառով փակվում է Լարսը, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը․ - «Լարսը մնում է մեզ համար միակ ցամաքային սահմանը, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ և Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանությունների հետ միասին պետք է այդ ճանապարհի հարցը լուծեն»:
Ըստ ընդդիմադիր ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի՝ Հայաստանի իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և խոստովանեն, որ Լարսին այլընտրանք ի վիճակի չեն գտնել։
«Քաղաքական հայտարարություններ անել այլընտրանքային ճանապարհների ընտրության, դա ես լուրջ չեմ ընդունում, որովհետև իրականում Լարսի ճանապարհի այլընտրանքը նշանակում է վրաց-աբխազական, վրաց-օսական հարցի քաղաքական լուծում», - նշեց տնտեսագետը: - «Այլ տարբերակ չկա: Կա, տեսականորեն, մի ճանապարհ, որը Դաղստանով Վրաստան է միանում, բայց դա տեսականորեն է այնքանով, որ այդ ճանապարհը օգտագործելի դարձնելու համար մեծ գումարներ են հարկավոր», - հավելեց Վահագն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է երկաթուղային արդեն զեղչված բեռնափոխադրման հնարավորությանը, տնտեսագետը նկատում է, որ Ռուսաստանը Հայաստանին կապող դանդաղաշարժ, ու դեռ նախորդ դարերում կառուցված երկաթուղային ճանապարհը օգտագործվում է հիմնականում հանքանյութ կամ նավթամթերք փոխադրելիս, և որևէ առումով ձեռնտու չէ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար․ - «Հիմնականում Լարսից օգտվում են այն գործարարները, ովքեր ապրանք են արտահանում դեպի Ռուսաստան, և եթե ճանապարհը բաց լինի, ամառային ռեժիմով եթե լինի՝ 12 ժամ հետո հասնում եք արդեն հարավային Ռուսաստան և մաքսիմում 24 ժամվա ընթացքում, եթե երկու վարորդ լինի, իրար փոխարինելով քշեն՝ կհասնեն Մոսկվա»: