Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Բացահայտվել է Մասիսում տեղի ունեցած դանակահարությունը


Ոստիկանությունը հաղորդում է, որ բացահայտվել է Մասիսում երեկ տեղի ունեցած դանակահարությունը։

Ըստ հաղորդագրության, երեկ ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թվականին ծնված Ա. Ա.-ն:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ: Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը և ժամին Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թվականին ծնված Ա. Հ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 5.50-ին նա մեղայականով ներկայացել է բաժին: Ա.Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշենք, որ դանակահարվածը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանն է: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ դանակահարողը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ է։

Ըստ Ոստիկանության, կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: «Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG