Ազգային ժողով - Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց վերջինիս հայտարարությունը, թե ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան:
Մինչդեռ, Փաշինյանի պնդմամբ, խոչընդոտ է հարուցվում և «Արա ԳԳ» ընկերությունը մոտ մեկ ամիս է չի կարողանում մաքսազերծել շուրջ 460 տոննա կերոսինը:
Փաշինյանը շարունակեց․ - «Հիմա մի հարց ու պատասխան: «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը Ձեզ հարցնում է․ «Այսինքն ես ճի՞շտ հասկացա, որ ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրի: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան․ «Շատ ճիշտ եք լսել: Առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա, անձամբ ինձ զանգարահում եք»: Գուցե պրոբլեմն այն է, որ, ինչպես Դուք ես առաջադրել, Պետրոս Ղազարյա՞նը չի Ձեզ զանգել: Եթե դա է խնդիրը, ես կարող եմ խնդրել, Պետրոս Ղազարյանը կարող է իմ անունից Ձեզ զանգել և տեղեկացնել, որ խոչընդոտ է հարուցված: Գուցե այդ պարագայում խնդիրը կլուծվի»:
«Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: Ճիշտ եք ասում, որ այնտեղ խնդիր կա: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, և այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք», - պատաստախանեց վարչապետը:
«Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, ուրեմն նույն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դա ներկրելու որևէ արգելք չկա: Դա մոտավորապես նույնն է, որ մենք հիմա, ասենք, դանակի ներկրումը Հայաստանի Հանրապետություն արգելենք, ասենք՝ դե կարող է մարդիկ այդ դանակով մարդ սպանեն», - հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», - նոր փաստարկ բերեց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով․ - «Դուք ճիշտ եք, որ դրա դեմը պետք է առնել այնպես, որպեսզի այս խոչընդոտը չլինի: Ես ընդունում եմ, որ այստեղ բացթողում ունենք: Բայց ես նաև պնդում եմ, որ մենք սահմանի վրա որևիցե ապրանքի ներկրման սահմանափակում չունենք»:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցը հայաստանցի սպառողների համար գազի գնի նվազման արդյունքում առաջացած գումարներին էր վերաբերում: Արդյո՞ք դրանք կարող են նոր պարտք դառնալ Հայաստանի համար․ «Վստահ եմ, այս 14 միլիարդի տեղը․․․ էն որ ասում են՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում․․․ ինչ-որ բան ուզելու են: Մենք պատրա՞ստ ենք դիմակայելու դրան, որ մեր տխուր փորձը, դառը փորձը, որ միշտ պարտք ենք կուտակել ու պարտքի տեղը ապրանք ենք տվել, հզորություն ենք տվել, որ այդ նույն բանը չի կանգնելու մեր դռանը»:
Վարչապետի պատասխանը․ - «Վստահ եմ, որ այդ նույն բանը, ոնց որ Դուք եք ձևակերպում, մեր դռան առջև չի կանգնելու»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անհանգստացած էր․ շուրջ 7.000 քաղաքացի դիմել է՝ քվեարկելու վայրը փոխելու համար․ - «Մեկ ամսվա կտրվածքով, երբ որ մնացել է ընտրություններին էլ մեկ ամիս, մեր երկրի շուրջ 7 հազարից ավել քաղաքացիներ ցանկություն են հայտնում իրենց ընտրությունը կատարել այլ ընտրատեղամասերում: Ես կարևորում եմ հատկապես այս համատեքստում, դեռևս ընտրությունները տեղի չեն ունեցել, բազմաթիվ անգամ խոսվել է արդար, ազատ ընտրությունների, նոր օրենսգրքով, նոր մոտեցումներով ընտրություններ կազմակերպելու մասին, բայց, ըստ էության, նման տեղեկությունները նոր որակներ չեն հաղորդում»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը թվերով զինված մոտեցավ ամբիոնին․ - «Էքստրաօրդինար երևույթ չէ այդ 7 հազար քաղաքացիների հաշվառման վայրը փոխելը: Ես խնդրել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տրամադրի այդ թվերը, որպեսզի հասկանանք՝ իրականում այն, ինչ Դուք ասում եք, կամ այն թվերը, որոնք Դուք բարձրաձայնում եք, էքսռրաօրդինա՞ր են, թե՞ ոչ: 2016-ի նույն ժամանակահատվածի համար՝ հունվարի 10-ից փետրվարի 10-ը, մոտավորապես 6 հազար քաղաքացիներ, ընտրություն չկար նախորդ տարի: 2013 թվականին հունվարի 10-ից փետրվարի 10-ը՝ 7134 դիմում: Ի դեպ, հաշվառման վայրը նախագահական ընտրություններին փոփոխելու հետ կապված խնդիր չկար․ ցանկացած տեղում քաղաքացին կարող է իր ընտրելու իրավունքը իրացնել»: