Բելառուսն ու Վրաստանը պատրաստ են խորացնել հարաբերությունները բոլոր ասպարեզներում: Այս մասին երեկ պաշտոնական այցով Մինսկ ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն, սակայն, հատուկ ընդգծում էր, որ Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունների խորացումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ:
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այն դիրքորոշման համար, որ ցուցաբերում է Վրաստանը միջազգային կառույցների, Եվրամիության, արևմտյան պետությունների հետ բանակցություններում` աջակցելով Բելառուսին, պաշտպանելով մեր շահերը: Մենք զգում ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ունենք, և այդ հիմքի վրա պատրաստ ենք ցանկացած համագործակցության Վրաստանի և վրաց ժողովրդի հետ: Մենք երբեք որևէ մեկին դիմակայելու նպատակով մեկ ուրիշի հետ բարեկամություն չենք արել: Դրա հետ մեկտեղ, մենք ունենք մեր շահերը և մենք սրբորեն պաշտպանելու ենք դրանք` բելառուս և վրաց ժողովուրդների շահերը», - հայտարարում էր Լուկաշենկոն:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Բելառուսի ղեկավարն արձանագրում էր, որ Վրաստանի հետ կապերը զարգացման դրական դինամիկա ունեն` ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության մաս կազմող պետությունների հետ ծավալվող համագործակցության:
«Մի քանի տարում մենք բեկում արձանագրեցինք մեր հարաբերություններում: Գուցե սա այն ապրանքաշրջանառությունը չէ, որ մենք նախանշել ենք, սակայն ճանապարհի կեսն արդեն անցել ենք: Մենք նախկինում պայմանավորվել էինք, որ առաջին մակարդակը, որին պետք է ձգտենք, 200 միլիոն դոլարն է: Վրաստանի հետ ապրանքաշրջանառության աճի տեմպերը լավագույնն են, ավելին՝ դրանք նույնիսկ ավելի դրական են, քան Եվրասիական տնտեսական միության հետ ապրանքաշրջանառության տեմպերը, որոնք, ցավոք սրտի, նվազել են», - հայտարարում էր Լուկաշենկոն:
Մարգվելաշվիլին ևս վստահ է` Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում, և հետագայում ևս դրանց խորացման լուրջ հեռանկարներ առկա են: Ավելին՝ Վրաստանը, ըստ Մարգվելաշվիլիի, մի շարք հարցերում կարող է հետևել Բելառուսի օրինակին:
«Մենք հիացած ենք այն ձեռքբերումներով, որ արձանագրել է Բելառուսը հատկապես գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում: Մենք ցանկանում ենք ծանոթանալ այդ փորձին և զարգացնել համագործակցությունն այդ ասպարեզներում: Թեև Վրաստանը իր հարաբերությունները զարգացնում է Եվրամիության հետ, իսկ Բելառուսը` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, միևնույն է, մենք, հարգելով միմյանց ինքնիշխանությունը, կարող ենք զարգացնել մեր կապերը», - հայտարարում էր Վրաստանի նախագահը: