Մատչելիության հղումներ

Նոր ճգնաժամ՝ թուրք-գերմանական հարաբերություններում


ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի՝ Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումը «վառ օրինակ է», թե երկու երկրները որքան տարբեր մոտեցումներ ունեն խոսքի ու մամուլի ազատության հարցերի վերաբերյալ:

Թուրք-գերմանական հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին կալանավորելու պատճառով: Այդ առնչությամբ, Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը նախօրեին հրավիրվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:

Թուրքական «Ջումհուրիյեթ»-ի փոխանցմամբ` դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է, և գերմանական կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լրագրողին ազատ արձակելու ուղղությամբ:

Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի 43-ամյա Դենիզ Յուջելը Թուրքիայում փետրվարի 14-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ ձերբակալվել էր, իսկ երկու շաբաթ անց կալանավորվել: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, անձնական տվյալների ոչ ճիշտ կիրառման և ահաբեկչության քարոզչության մեջ: Պատճառն այն է, որ Յուջելը լուսաբանել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի վրա կատարված հաքերային հարձաման թեման:

Գերմանական պարբերականի թղթակցի կալանավորմանը խիստ են արձագանքել ԳԴՀ պաշտոնական շրջանակները: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն այն որակել է որպես վերջին շրջանի ամենամեծ փորձությունը թուրք-գերմանական հարաբերությունների համար: Նա նշել է, որ լրագրողների իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Գերմանիայի և Թուրքիայի Սահմանադրություններով, և մարդու իրավունքները հարգող ոչ մի երկիր չի կարող նման միջոցներով հետապնդել լրագրողներին: Գաբրիելն ընգծել է` այս դեպքը վառ օրինակ է, թե երկու երկրները որքան տարբեր մոտեցումներ ունեն խոսքի ու մամուլի ազատության հարցերի վերաբերյալ:

Դենիզ Յուջելի կալանավորմանն անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նշելով, որ լրագրողն ինքնակամ է գնացել ցուցմունք տալու, Մերկելը նրան կալանավորելու որոշումը «խիստ և անհամաչափ» է որակել: «Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ թուրքական արդարադատությունը Յուջելի գործում հաշվի կառնի բոլոր ժողովրդավար երկրների ամենաբարձր արժեքներից մեկը համարվող մամուլի ազատության հանգամանքը: Մենք շարունակելու ենք պնդել, որ Յուջելն արդար ու օրենքին համապատասխան վերաբերմունքի արժանանա և հույս ունենք, որ ամենակարճ ժամանակում նա ազատ կարձակվի»,- ասել է Մերկելը, հավելելով՝ թուրք լրագրողի կալանավորման լուրը վշտացնող ու հիասթափեցնող էր:

Ի պաշտպանություն լրագրող Դենիզ Յուջելի` երեկ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաև «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG