Լոռու հանրապետական մարզպետը այս կիրակի մեկնարկող նախընտրական քարոզարշավի շրջանում գլխավորելու է կուսակցության մարզի շտաբը: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, Արթուր Նալբանդյանը չնշեց, թե տարածքային ցուցակով առաջադրված որ թեկնածուին է սատարում, փոխարենը հստակեցրեց՝ աշխատելու է Հանրապետական կուսակցությանը ձայներ բերելու ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ռեյտինգայիններին, ապա ես համոզված եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուները իրենց շտաբները իրենք են ղեկավարելու և վստահ եմ, որ քարոզարշավին շատ ավելի ճիշտ կաշխատեն, որպեսզի իրենք ապահովեն իրենց ռեյտինգային ձայները և որևէ մեկի օգնության կարիքը, ինձ թվում է, չունեն», - ասաց մարզպետը:
Թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում, Հանրապետականը տարածքային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել: Նալբանդյանը վստահ է՝ թեկնածուների միջև առողջ մրցակցություն է լինելու:
Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև բախումների մասին, նախագահ Սերժ Սարգսյանն էլ շաբաթ օրը Հանրապետական կուսակցության գրասենյակ էր հրավիրել տարածքային թեկնածուներին և գեներալ Սեյրան Սարոյանի փոխանցմամբ՝ հորդորել նրանց «կռիվ-դավի չանել»:
«Այս պահի դրությամբ որևէ լարվածություն ես չեմ նկատել», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետը: - «Վստահ եմ ու համոզված, որ մինչև ապրիլի 2-ը լարվածությունը չի խորանա, չի արմատավորվի», - հավելեց Արթուր Նալբանդյանը:
Մարզպետն անդրադարձավ նաև Վանաձորի ավագանու նիստերին, որոնք հոկտեմբերի 10-ից ի վեր ընդդիմության բոյկոտի պատճառով անընդհատ տապալվում են: Երկու օր առաջ հրավիրված ավագանու արտահերթ նիստին չէին ներկայացել նաև իշխող ուժի և ՀՅԴ-ի խմբակցությունները, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում էր, թե 2017թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն՝ 9 հոգին բավարար են նիստ անցկացնելու համար:
Նալբանդյանը ողջունեց կոալիցիոն ուժերի այս քայլը․ - «Մոտեցումը հստակ է: Իրենք կողմնակից են Վանաձոր քաղաքի կառավարումը դարձնել մասնակցային, և շահագրգռված են, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը Վանաձորի կառավարման գործընթացին լինեն մասնակից»: