Մատչելիության հղումներ

Այսօր Մարտի 1-ի ողբերգության 9-րդ տարելիցն է


Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Երևան, 1-ը մարտի, 2008թ․

2008 թվականի այս օրը վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 9 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» վստահեցրին, որ գործով նախաքննությունը շարունակվում է, և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:

2008-ի գարնան ողբերգական դեպքերն ուսումնասիրելու համար տեղի ունեցածից ութ ամիս անց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծվել էր փաստահավաք խումբ: «Ժառանգություն» կուսակցությունից խմբում ընդգրկվել էր մարտի 1-ի գործով մի քանի ընդդիմադիրների պաշտպանող փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Որևէ պարտավորություն Մարտի 1-ը բացահայտելու կապակցությամբ իշխանությունները չունեն, և դա մի տեսակ ստվերեց նաև փաստահավաք խմբի աշխատանքային գործունեությունը, որովհետև այդ գործունեության մեջ շատ մեծ տեղ էր գրավում իշխանությունների կողմից նախաձեռնությունները ունենալը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Այդուհանդերձ, փաստահավաք խումբը մի քանի զեկույցներ հրապարակեց, որոնք լույս էին սփռում տեղի ունեցածի որոշ դրվագների վրա․ - «Չերյոմուխա - 7-ի կրակողների հետ կապված մեծ նյութ տրվեց, և այդ նյութում նաև կային անունները՝ ով որտեղ է կիրառել այդ զենքը, ինչու է կիրառել, կարող էր կիրառել թե ոչ»:

2009-ի հունիսին՝ ութ ամսվա աշխատանքից հետո, նախագահ Սարգսյանի որոշմամբ փաստահավաք խումբը լուծարվեց։

Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին անցած 9 տարիներին բարձրաձայնել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած նախագահ Սերժ Սարգսյանից․ - «Խոսքս վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում»:

Նախկին Գլխավոր դատախազ, այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը գործը բացահայտված էր համարում․ - «Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլոր իրականացված են: Իհարկե, կային չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ՝ հենց տուժողների կողմից հարուցված»:

Նախորդ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ «տղամարդու խոստում էր տվել», որ առաջընթաց կլինի։​

2008-ի արյունալի իրադարձությունների բացահայտմանը պաշտոնը ստանձնելիս անդրադարձավ նաև գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ ֊ «Գլխավոր դատախազ ընտրվելուց հետո իմ համար այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը և դրա բացահայտման, հանրության հետաքրքրող տեղեկատվության տրամադրման առումով իմ առաջնահերթություններից մեկն է լինելու սա»:

Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանն հիմնավորված է համարում, որ տեղի ունեցող արյունահեղությունը կազմակերպվել էր իշխանությունների կողմից․ - «Քննությունը տարվում էր ի սկզբանե սխալ ուղղությամբ: Դուք գիտեք, որ հենց սկզբից մեզ ուզում էին կապեին այդ սպանությունների հետ: Ինչքան էլ իրենք ջանք գործադրեցին, որևէ կերպ հնարավոր չեղավ: Մինչդեռ իրենք ունեին բոլոր լծակները, և եթե դա որևէ կերպ հնարավոր եղավ, իրենք դա կանեին»:

2008-ի մարտի 1-ին նախորդած ընտրություններով նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանի կողմակիցներն այսօր մարտի 1-ի թեմայից խոսել չցանկացան: Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Մարտի 1-ի մասին չի ցանկանում խոսել։ «Ես չեմ այն անձնավորությունը, որը պետք է խոսի բացահայտումներից, ով ունի որևէ տեղեկություն՝ կարող է դիմել, աշխարհը և ինտերնետն ազատ են, լրատվամիջոցներն ազատ են, իշխանությունները պատրաստ են լսել։ Ես Մարտի 1-ից չեմ խոսում, որովհետև ա)՝ չունեմ ինֆորմացիա, բ)՝ չունեմ լիազորություններ, գ)՝ չեմ ցանկանում մարդկանց վերքի վրա նոր աղ ցանել»։

Հարցին՝ համաձա՞յն է այն կարծիքին, թե միայն իշխանափոխության դեպքում Մարտի 1-ը կբացահայտվի, Շարմազանովը պատասխանեց. - «Ոչ։ Նայած, թե ով ինչ է հասկանում բացահայտել ասելով»։

Մինչ հայաստանյան իրավապահները 9 տարի շարունակ չեն կարողանում բացահայտել Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն մոտ է գործով դիմումների քննության ավարտին։

Սպանված Գոռ Քլոյանի հայրն, այդուհանդերձ, վստահ է՝ տեղի ունեցածը կբացահայտվի միայն իշխանափոխության դեպքում․ - «Մենք միայն սպասում ենք, որ ընտրությունների միջոցով գա նոր իշխանություն, որը կմտածի այս երկրի մասին, և այս բոլոր սպանություններն էլ կբացահայտվեն, մեղավորներն էլ կպատժվեն»:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր երեկոյան զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և երթ կանցկացնի:

«Մեր հանրահավաքը չի լինելու քաղաքական, չի լինելու նախընտրական, լինելու է միայն նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին», - ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի արդար դատը իրենց համար առաջնահերթ խնդիր է։ «Մենք ներկայացրել ենք օրենքի նախագծեր, հանձնաժողովներ ստեղծելու նախագծեր, իհարկե, իշխանությունների կողմից միշտ տորպեդահարվել է այն՝ հանձնաժողովների ստեղծման խնդիրը, ինչպես նաև այն կոնվենցիան, որին միացել էր Հայաստանը, որից հետ կանգնեց, որը վերաբերում էր զոհերի փոխհատուցումների խնդրին», - ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ շարունակելով. - «Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ՝ 9-րդ տարին արդեն չեն պատասխանում միջազգային կառույցների ընդամենը պարզ, երկու շատ պարզունակ անգամ հարցերին՝ ի՞նչ պատիժներ են ստանալու և ի՞նչ պատիժներ են ստացել այդ հանցագործություններն իրականացնողները և նրանց ղեկավարները, և ի՞նչ փոխհատուցում պետք է տար Հայաստանի կառավարությունը զոհերի հարազատների ընտանիքներին։ Այս հարցերը մինչև հիմա առկախված են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG