Ազգային ժողովն այսօր փակ գաղտի քվեարկությամբ Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ:
Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միակ թեկնածուին առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները ազատ քվեարկության որոշում էին կայացրել, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտեց քվեարկությունը: Արդյունքում ոչ մի դեմ ձայն չգրանցվեց:
Հիշեցնենք, 2013-2016 թվականներին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, 2015-ին եղել է սահմանադրական հանրաքվեի՝ «այո»- ի շտաբում, 2016-ին նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է շուրջ կես տարի:
Այսօր արդեն Վերահսկիչ նախագահի պաշտոնում ասաց, թե խոստումներ տալ չի սիրում, գործով ցույց կտա, թե ինչպես է աշխատում․ - «Կխոսենք մի տարի հետո»:
«Ազատության» հարցին, թե որն է լինելու իր նորամուծությունը, Յոլյանն արձագանքեց․ - «Պատասխանատու աշխատանքը»:
Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե պետք չէ «փրկիչ» սպասել․ - «Ոչ թե սրբեր և հրեշտակներ և փրկիչներ փնտրենք․․․ Չկան մեր մոտ ո՛չ սրբեր, ո՛չ փրկիչներ, ո՛չ հրեշտակներ, բոլորը երկնքում են: Այլ սպասենք Սահմանադրության և օրենսդրության լիազորությունների իրականացում: Կարո՞ղ է պարոն Յոլյանը դա անել: Համոզված եմ՝ այո: Մենք պե՞տք է օգնենք: Կարծում եմ, մենք պետք է օգնենք և օժանդակենք»:
էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց, թե բյուջեի հետ կապված չարաշահումների համար պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել: Առանց անուններ նշելու՝ ասաց, որ և՛ պաշտոնանկություններեն եղել, և՛ ազատազրկումներ:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում մինչ օրս որևէ բարձրաստիճան պաշտոնյա դատարանի առջև չի կանգնել, և հարցին, թե արդյոք Լևոն Յոլյանը կկարողանա, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել՝ դեռ 2012-ին՝ գլխից բռնել մեծերին, Շարմազանովը պատասխանեց․ - «Ես չեմ ուզում ժողովրդական բանահյուսությունների մեջ մտնել՝ գլխից բռնել, ներքևից բռնել թե աջից, թե ձախից․․․ խնդիրը դա չի: Խնդիրը նա է, որպեսզի այդ կառույցը կարողանա արդյունավետ հետազոտել և կառավարել պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Վերահսկիչ պալատի նախագահը չպետք է չինովնիկի մեջ տեսնի պոտենցիալ հանցագործի: Նա պարզապես պետք է անի իր գործը՝ առանց ավելորդ զգացմունքների, առանց ավելորդ թայֆաբազության, ինչն էլ պարոն Յոլյանը կանի, որովհետև շատ հավասարակշռված, պրագմատիկ, պրոֆեսիոնալ և ճիշտ հաշվարկներ կատարող անձնավորություն է»:
«Ազատության» հարցին, թե արդյոք ՎՊ-ի նախորդ նախագահը «թայֆաբազություն» էր անում, Շարմազանովն արձագանքեց․ - «Ես չպիտի նախորդի գնահատականը տամ․․․ Եթե նախորդը ունեցել ա թերություններ, այդ թերությունների մասին լավ կլիներ խոսեին նրա պաշտոնավարության ժամանակ»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Վերահսկիչ պալատը նորովի է աշխատելու: Եվ ոչ միայն այն պատճառով, որ պալատի նախագահը փոխվել է, այլև այն պատՃառով, որ նոր Սահմանադրությունը մեծացնելու է կառույցի անկախությունը:
Մինչև հիմա, Ռուստամյանի խոսքով, ՎՊ-ն ձևական է գործել․ - «Ոչ միայն ձեռ ու ոտքը կապված էր, նա ուղղակի կախված էր նախագահականից: Որովհետև նախագահն է նշանակում էդ անձանց․․․ Բա էդ օրինակը, որ բերեցինք, ի՞նչ էր: Կանչում է նախագահը իր մոտ և հաշիվ է պահանջում նրա եզրակացության, զեկույցի, ելույթի վերաբերյալ․․․ Չի լինելու էդպիսի բան, որովհետև էդ նախագահը չի լինելու: Հասկանո՞ւմ եք, մենք էդ աթոռը վերացրել ենք: Մարդիկ դեռ չեն կարողացել տեսնել դրա արդյունքները, բայց կտեսնեն: Չկա էդ մարդը, որը կարողանա կանչել: Վարչապետը դրա իրավունքը ընդհանրապես չունի»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակայն, չի կարծում, թե Վերահսկիչ պալատի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները իրավիճակը կփոխեն, և հիշեցնում է, որ Դաշնակությունը նույն լավատեսությամբ խոսում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման նոր կարգի մասին, մինչդեռ նոր ընտրակարգով ընտրվեց հանձնաժողովի նույն կազմը:
Զուրաբյանը չի կարծում, թե Վերահսկիչ պալատի նոր նախագահը կբարելավի իրավիճակը: Նրա խոսքով՝ պալատը արդյունավետ աշխատում էր 2008-2010 թվականներին: Ապա, երբ ընդդիմությունը սկսեց ակտիվորեն օգտվել այդ պալատի հաշվետվություններից և Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել չարաշահումների մասին, զեկույցները առավել մեղմ դարձան:
Իսկ Իշխան Զաքարյանի՝ մալուխի մասին հայտնի ելույթից և դրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությունից հետո, Վերահսկիչ պալատի նախագահը դադարեց անգամ խորհրդարան գալ:
«Ինչի վերաբերյալ ես բազմիցս խոսել եմ՝ հնչեցնելով «ո՞ւր է Իշխան Զաքարյանը» հարցը: Հիմա փաստորեն իմացանք Իշխան Զաքարյանը ուր է, Ծառուկյան դաշինքի ցուցակում երկրորդ համարն է: Նոր մարդ են բերել, որի ուր լինելը արդեն ակնհայտ է: Սա լրիվ իշխանական ճամբարի մարդ է, որը Վերահսկիչ պալատում վերահսկելու է տեղեկատվական հոսքը դեպի Ազգային ժողով: Այսինքն, ես վստահ եմ, որ մենք այլևս կունենանք շատ ավելի մեղմ, փափուկ զեկույցներ», - ասաց Զուրաբյանը: