Մատչելիության հղումներ

Սպառողները չեն հասկանում նվազած սակագնով գազի հունվարյան հաշիվների «ահռելի չափի առեղծվածը»


«Գազպրոմ Արմենիայի» պնդմամբ, 2015-16 թթ ձմռան համեմատ, այս տարի արձանագրվել է ավելի ցածր ջերմաստիճան: Բացի այդ, ըստ ընկերության, Երևանում հունվարին ավելի ցուրտ է եղել, քան անցած դեկտեմբերին:

Հունվար ամսին սպառած գազի վճարաչափերը սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել որոշ քաղաքացիների վրա: Թեև տարեսկզբից գազի գինը նվազել է մոտ 8 դրամով, սակայն, կոմունալ վճարները կատարելիս բաժանորդներին անակնկալի է բերել փաստը, որ անցած դեկտեմբերի համեմատ՝ հունվար ամսվա համար որոշ դեպքերում նրանք ստիպված են եղել վճարել մինչև 30-40 հազար դրամով ավելի գումար:

Լրագրող Գայանե Աբրահամյանը միանգամից երեք նման զարմանք է ապրել: 2 բնակարանում և 1 գրասենյակային տարածքում սպառած գազի վճարների հսկայական տարբերության պատճառը նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ:

«Մեր տանը մենք ուղղակի չենք փոխել ջերմաստիճանը, միշտ 60 աստիճանի վրա ենք դրել, դեկտեմբերի համար վճարել ենք 47 հազար դրամ, հունվարի համար 64 հազարի հաշիվ է եկել: Այսպիսի տարբերություն պետք է որ չլիներ»,- ասում է Աբրահամյանը:

Գրասենյակում դեկտեմբերին սպառած գազի վարձավճարն էլ կազմել է մոտ 55 հազար դրամ, իսկ հունվարին՝ 70 հազար: Գայանե Աբրահամյանն ընդգծում է՝ սա այն դեպքում, երբ հունվարի առաջին 10 օրը գրասենյակը փակ է եղել: Բայց, ամենամեծ «շոկը» լրագրողի համար դարձել է 2-րդ բնակարանի օրինակը, որտեղ ոչ ոք չի ապրում, ջեռուցման համակարգն էլ երկու ամսվա ընթացքում աշխատել է նվազագույն ծախսով:

«Դեկտեմբերին վճարվել է 15 հազար, հունվարին եկել է հաշիվ՝ 25 հազար: 10 հազարի տարբերությու՞ն: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ գազի կալորիականության խնդիրն է, թե ինչն է, ես ուղղակի պարզաբանում եմ պահանջում «Գազպրոմ»-ից, որովհետև սա անընդունելի է»,- ասում է լրագրողը:

Ինչու՞ մի շարք դեպքերում նվազած սակագնով գազի դիմաց պետք է կրկնակի ավելի վճարեն: Այս հարցն ակտիվորեն քննարկվում է նաև սոցիալական ցանցերում: Հունվարին սպառած գազի վարձավճարից դժգոհում են նաև այն քաղաքացիները, որոնք փոստային բաժանմունքներ էին եկել կոմունալ վճարումներ անելու:

«Դեկտեմբերի համար մուծել եմ 90 հազար, հունվարին՝ 130 հազար», «դեկտեմբերին վճարել եմ 23 հազար, հունվարին՝ 43 հազար», «80 հազար և 120 հազար»,- ներկայացնելով այս թվերը, տարակուսում էին քաղաքացիները:

Նման կտրուկ տարբերության առեղծվածը հասկանալու համար «Ազատությունը» դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այնտեղ հարցազրույցից հրաժարվեցին՝ ուղարկելով միայն գրավոր պատասխան: Ըստ այդմ, նամակում նախ բացատրում են, որ 2015-16 թթ ձմռան համեմատ, այս տարի արձանագրվել է ավելի ցածր ջերմաստիճան: Այնուհետև, հղում անելով «Հիդրոմետ»-ին, նշում են, որ Երևանում հունվարին ավելի ցուրտ է եղել, քան դեկտեմբերին:

Քանի որ բաժանորդները միայն մայրաքաղաքում չեն, «Ազատությունը» փորձեց հանրապետության ամսական միջին ջերմաստիճանի մասին որոշ տվյալներ ճշտել: «Դեկտեմբերին եղել է -6 -ից -9, հունվարին՝ -8 -ից -9»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետը, նշելով, որ ցուրտ օրերի քանակով դեկտեմբերն ու հունվարը համարժեք են եղել:

«Գազպրոմ Արմենիան» նամակում նշել է նաև տվյալներ՝ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների մասին: Այսպես․ դեկտեմբերին սպառումը կազմել է 111 միլիոն 900 հազար խմ, իսկ հունվարին՝ 128 միլիոն 500 հազար խմ: Աճը շուրջ 15 տոկոս է: Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի դիտարկմամբ, սպառման ծավալների նշված 15 տոկոս աճը չի կարող արդարացնել այդչափ կտրուկ տատանումը:

«Վճարման ենթակա գումարները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 30 տոկոսով, 25 տոկոսով, դեպքեր կան՝ 50, 60 տոկոսով: Այ դա, կարծում եմ, չունի բացատրություն»,- ասաց Հայկ Գևորգյանը:

Այդ հիմնավոր բացատրությունն, ըստ տնտեսական մեկնաբանի, «Գազպրոմ Արմենիայի» նամակում չկար: Գևորգյանն ընդգծում է՝ միայն այդ մի տվյալը «ծածկում է» այն բոլոր օբյեկտիվ հանգամանքները, որոնք կարող էին խոսել «Գազպրոմ Արմենիայի» օգտին: Հանելուկ է մնում նաև այն, թե ինչպես է ստացվել, որ սակագնի նվազումը հունվարին շոշափելի չդարձավ՝ «Դա պետք է ինքնաբերաբար բերեր վճարի նվազման»:

«Մասնագետների մի մասը կարծում է նաև, որ «Գազպրոմ Արմենիան» այս պարագայում խաղում է գազի կալորիականության վրա»,- ասում է Գևորգյանը: Թեև ընկերությունից «Ազատությանը» վստահեցրել էին, որ հավատարմագրված լաբորատորիաներում կանոնավոր կերպով ստուգվում են գազի որակական հատկությունները, և որ մատակարարվող վառելիքի 1 խմ-ի ջերմատվության արժեքը 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել:

Այդուամենայնիվ, տնտեսական մեկնաբանի խոսքով, դժվար է հավատալ մի տվյալի, որը չի ստուգում անկախ մարմինը և որը «միշտ վերահսկելի է «Գազպրոմ Արմենիայի» կողմից»: «Եթե որևէ քաղաքացի ցանկանա կասկածել էդ կալորիականությանը, նա այդ իրավունքը ունի, որովհետև կշեռքը գտնվում է վաճառողի մոտ: Այդ կշեռքի ցուցմունքը կարող է փոխել միայն վաճառողը: Բնականաբար, նա այդ ցուցմունքը կփոխի հօգուտ իրեն, ոչ թե հօգուտ սպառողի»,- պատկերավորեց Հայկ Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG