Մատչելիության հղումներ

Կոմկուսը ընտրություններին կմասնակցի «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով


Վազգեն Սաֆարյան
Վազգեն Սաֆարյան

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով:

«Մենք դրան ավելացնում ենք նաև շատ հայտնի մի արտահայտություն Եղիշե Չարենցի կողմից ասած, որ՝ «Մեր երթին վախճան չկա, մեր արդար գործին՝ պարտություն», - ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը: Նա վստահ է՝ այս խորհրդարանական ընտրություններին իրենք կարողանալու են հաղթահարել նախատեսված շեմը, քանի որ, նրա պնդմամբ, Հայաստանի քաղաքացիներն արդեն արթնացել են թմբիրից ու հստակ փոփոխություններ են ակնկալում։

Կուսակցությունը խորհրդարան է գալու նախ տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկներով։ - «Գալիս ենք սոցիալիստական հիմնադրույթները նոր հասարակարգում ամրապնդելու, սոցիալական երաշխիքների ճանապարհներ ցույց տալու», - ասում է Սաֆարյանը։

«Մեր կարծիքով այն բյուջետային համակարգը, որ այսօր գործում է, ի զորու չէ շատ կարճ ժամանակում ապահովել էական և ռեալ մուտքեր, որպեսզի կարողանան իրականացնել սոցիալական խնդիրներ: Դրա համար մենք շեշտադրումները դնում ենք Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ճյուղի՝ արդյունաբերության վրա, և Ազգային ժողովում առաջին իսկ օրենքը, որ մենք պիտի ընդունելու համար նախաձեռնություն ցուցաբերենք, դա լինելու է արդյունաբերության քաղաքականության մասին օրենքի նախագիծը», - ասում է Սաֆարյանը:

Կուսակցության ընտրական ցուցակի չորրորդ համարը՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, ասում է՝ ցանկանում է ազգանվեր գործ կատարել։ 18 տարեկանից Կոմկուսին անդամակցած Շահինյանը հատկապես կարևորում է այն, որ կուսակցությունում փորձառու մարդիկ են հավաքված։ Մշակութային գործիչն ակնկալում է, որ 2017-ի ընտրություններն արդար են լինելու։

Մարիամ Շահինյան
Մարիամ Շահինյան

«Շատ կարևորում եմ այս ընտրությունները, և կարծում եմ, որ պետք է անցնեն շատ թափանցիկ և շատ արդար: Մեծ հույսեր ունեմ, այս անգամ, որովհետև փոխվել են ընտրությունների ձևերը և անգամ իմ մուտքը այսօր քաղաքականության մեջ պատահական չէ, որովհետև ես, որպես քաղաքացի, կարծում եմ, որ ես էլ պետք է իմ ազգանվեր գործով նպաստեմ մեր Հայաստանի կյանքի ռեալ բարելավմանը», - ասում է Շահինյանը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակում ներգրավված են Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը, «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունը, Արդյունաբերողների արհմիութենական հանրապետական ճյուղային կոմիտեն, «Խարիզմա» հասարակական կազմակերպությունը, Ավիացիայի ոլորտում աշխատողների հասարակական կազմակերպությունը, «Վերադարձի փառատոն» հիմնադրամը և այլ կառույցներ։ Հարցին՝ արդյոք ինքնանպատակ չէ՞ ընտրություններին մասնակցելը, քանի որ շատ ձայներ ստանալու հնարավորություն Կոմկուսը կարծես թե չունի՝ Վազգեն Սաֆարյանը պատասխանեց՝ մենք բոլոր ընտրություններին մասնակցում ենք, մենք չենք կարող չմասնակցել։

«Կոմունիստական կուսակցությունը այս ընտրություններում ունենալու է մեծ հաջողություն, որովհետև մեր ժողովուրդը այսպես ապրել չի կարող, այս ճանապարհը, որը նրան ցույց են տվել և որում նա հայտնվել է՝ դա փակուղի է: Կոմունիստներն այսօր առաջարկելու են մարդուն այն ճանապարհը, որը նրան արժանապատիվ կյանք կապահովի», - ասում է Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG