Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում կիրակի օրն անցել են ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության երկրորդ տարելիցին նվիրված բողոքի երթեր, որին մասնակցել են Ռուսաստանի բոլոր ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները։
Ոստիկանության տվյալներով՝ մոսկովյան երթն ամենամարդաշատն էր և որը կազմակերպիչներն անվանել էին «Նոմցովի երթ» մասնակցել է 5 հազար մարդ, ընդդիմադիրների տվյալներով՝ 15 հազար, թեև երթի կազմակերպիչները հայտ էին ներկայացրել 30 հազար մասնակիցների համար։
Երթը, որը կազմակերպել էին «Սոլիդարնոստ», «Յաբլոկո» և «Պառնաս» կուսակցությունները համաձայնեցված էր իշխանությունների հետ։ Մասնակիցները պաստառներով վանկարկելով արդեն ավանդական «Ռուսաստանն առանց Պուտինի», «Առանց չեկիստների իշխանության» «Ռուսաստանն ազատ է լինելու, և մենք չենք վախենում» կարգախոսներն անցել են Մոսկվայի կենտրոնական փողոցներով մինչև Մեծ Մոսկվորեցյան կամուրջ որտեղ սպանել էին Նեմցովն։
Նեմցովին նվիրված ակցիաներ են անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում, Վորոնեժում, Եկատերինբուրգում ու էլի մի շարք քաղաքներում։ Նեմցովին նաև հիշել են Նյու Յորքում, Պրահայում, Բոստոնում և Վանկուվերում։
Երթի ժամանակ Պուտինի կողմնակից մի տղամարդ «Ռուսաստանը մնալու է Պուտինի հետ» կոչերով հարձակվել էր Ռուսաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Միխայիլ Կասյանովի վրա։ Ոստիկաններն արգելել են մասնակիցներին օգտագործել որոշ պաստառներ, որոնք վերաբերում էին Պուտինին։ Այդուամենայնիվ «Ռուսաստանն առանց Պուտինի» մնում էր ամենահայտնի պաստառներից և կարգախոսներից մեկը։
«Նեմցովի սպանությունը քաղաքական ահաբեկչություն էր և դրա համար քաղաքական պատասխանատվություն է կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - հայտարարել է «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին, որ նույնպես մասնակցում էր երթին։
Հիշեցնենք, Պուտինի կոշտ քննադատ, ընդդիմադիր գործիչ Բորիս Նոմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցյան կամրջի վրա, Կրեմլի պարսպի մոտ։
Քննիչների վարկածով հանցագործության ենթադրյալ կազմակերպիչն ու պատվիրատուն «Սևեր» գումարտակի նախկին հրամանատար Ռուսլան Մուխուդինովն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ 2015 թվականի նոյեմբերից Մուխուդինովը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Նեմցովի հարազատները, սակայն, պահանջում են, որ իշխանությունները հայտնաբերեն սպանության իրական պատվիրատուին։