Մատչելիության հղումներ

Զավեն Վարդանյան․ Դասական երաժշտությունն է կրթում ազգին


Երևանի Օպերայի շենքը երեկոյան, արխիվ
Երևանի Օպերայի շենքը երեկոյան, արխիվ

Մայրաքաղաքային երաժշտական առօրյան դասական երաժշտության երկրպագուների համար հենց այս տարեսկզբից բավական ուշագրավ իրադարձություններով է հագեցած՝ օպերային և բալետային նոր բեմադրություններ, դասական երաժշտության համերգներ թե՛ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, թե՛ Պետական կամերային նվագախմբի, թե՛ Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերի, նաև մեր լավագույն երգչախմբերի մասնակցությամբ: Իսկ գարնանային հենց առաջին ամիսներից առավել աշխուժորեն են ոլորտի մասնագետները՝ երաժիշտները, երգիչները, դիրիժորները, երաժշտագետները ներգրավվում ամենատարբեր բնույթի դասական երաժշտության փառատոներում:

Մինչ այդ, սակայն, ձմռան այս վերջին օրերին ձմեռային իրենց վերջին համերգով հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Օրերս կայացած համերգը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Հրաժեշտ ձմռանը»: Համերգին մասնակցում էին Օպերային թատրոնի անվանի երգիչ-երգչուհիները՝ մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Հնչեցին Խաչատրյանի, Պուչինիի, Դոնիցետիի և Ռախմանինովի ստեղծագործությունները:

Իսկ վաղը՝ փետրվարի 26-ին Օպերային թատրոնի բեմում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Գլխավոր դերերգերը կկատարեն Մերի Մովսիսյանը, Սարգիս Աղամալյանը և Արամ Աբգարյանը: Ի դեպ, այս տարի լրանում է «Անուշ» օպերայի առաջին կատարման 105-ամյակը․ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին ՝ Գյումրի քաղաքում:

Վաղը Երևանում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում կեսօրից հետո կմեկնարկի Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի երկրորդ փուլը, որը սկսվել է այս տարվա հունվարի 1-ից և կտևի մինչև փետրվարի 28-ը ու անցկացվում է 7 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տոկիոյում, Միլանում, Նյու Յորքում, Պեկինում և Երևանում:

Փետրվարի 15-28-ն էլ այստեղ Երևանում անցկացվում է նաև մեկ այլ ուշագրավ երաժշտական փառատոն, որ նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ երաժշտական նվագախումբը: Նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սկսվել է հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված ամենամյա արդեն 8-րդ փառատոնը, որի շրջանակում տեղի ունեցող համերգները անտարբեր չեն կարող թողնել երաժշտասեր հասարակությանը: Փառատոնն այս տարի նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Օրերս համերգներից մեկի ավարտին «Ազատություն»-ը զրուցեց մեր անվանի երաժիշտներից մեկի՝ դիրիժոր, Մենակատարների պետական անսամբլի ղեկավար Զավեն Վարդանյանի հետ: Նրա համոզմամբ՝ մեր առօրյայի այսչափ հագեցածությունը դասական երաժշտությամբ չի կարող արդյունք չունենալ առհասարակ մեր հասարակության զարգացման համար:

«Ես շատ կարևորում եմ հատկապես դասական երաժշտությունը և պիտի ասեմ, որ կարծեք թե մենք դրա պակասը չունենք: Յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք բազմաթիվ փառատոներ, որոնց ընթացքում ոչ միայն դասականներն են կատարվում, այլ նաև հայ ժամանակակից և դասական կոմպոզիտորները», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Շատ ուրախալի է, որ ունենք հասուն՝ արդեն 90 տարեկան սիմֆոնիկ նվագախումբ, ազգային սիմֆոնիկ նվագախումբ, դրա հարևանությամբ ունենք արդեն տաս տարվա երիտասարդական պետական նվագախումբ, որոնք իրենց ծրագրերով միշտ ուրախացնում են մեր ունկնդրին»:

«Ես ուղղակի մի ցանկություն ունեմ՝ որ ինչքան հնարավոր է ավելի երիտասարդները հաճախեն համերգային սրահներ, որովհետև սա է կրթում ազգին, դասական երաժշտությունն է, որ, իհարկե, բոլորովին չբացառելով ժողովրդական արվեստը, հոգևոր երաժշտությունը, խմբերգայինը, որը ինձ համար շատ հոգեհարազատ է, բայց ես կարծում եմ, որ սիմֆոնիկ երաժշտությունը պետք է կարողանալ լսել փոքրուց, կարողանալ դաստիարակել, սերունդ դաստիարակել», - նշեց Զավեն Վարդանյանը:

«Բայց չե՞ք կարծում, որ միշտ հանրության մեծ մասը կարծես թե դուրս է մնում լուսանցքից, միշտ նույն երաժշտասերներն են, միշտ ինչ-որ որոշակի քանակ է: Հանրության մեծ մասը կարծես թե դուրս է այս ամենից, ինչ որ մենք վայելում ենք», - «Ազատության» այս հարցին էլ նա արձագանքեց․ - «Գիտե՞ք ինչ, ես ներողություն եմ խնդրում, բայց այս երաժշտությունը պետք է համարել էլիտար, և այդքան չեմ պատկերացնում որ մասսայականություն պիտի ունենա: Դրա համար մենք պիտի կարողանանք բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում դաստիարակենք հասարակություն: Իսկ հասարակությունը դաստիարակվում է, ունկնդիրը դաստիարակվում է դպրոցական տարիներից»:

«Երբ որ մենք շփվում ենք դրսից եկած երաժիշտների, մտավորականների հետ, նրանք ապշում են, ասում են՝ «մենք որևէ երկրում չենք տեսնում համերգային դահլիճում այսքան երիտասարդություն», և եթե մենք էլ հետևում ենք «Մեցցո»-ին կամ «Ինտերմեցցո»ին, համերգներին, մենք տեսնում ենք, որ դահլիճներում ավելի քան 60-ն անց մարդիկ են, ավագ սերնդի ներկայացուցիչներ, այսինքն՝ արդեն դաստիարակված են գալիս, ունկնդիրը դաստիարակված է գալիս: Իսկ մենք այստեղ կարծում եմ որ երիտասարդության պակաս չունենք, և դա մեր հարստությունն է», - շեշտեց Զավեն Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG