Մատչելիության հղումներ

Եղնուկյանի փաստաբանը դատավորին մեղադրեց արտադատարանական կապ ունենալու մեջ


Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության։

Հայրապետյանը դատախազությանն անգործության մեջ էր մեղադրում նշելով, որ այն չի քննել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին մոտ 40 հասարակական, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների դիմումը։ Փաստաբանն այսօր նիստի սկզբում դատավոր Գագիկ Պողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Հայրապետյանը կասկած հայտնեց, թե դատախազն ու դատավորը արտադատարանական կապի մեջ են։

«Նախորդ դատական նիստը հետաձգվեց, հարգելի դատարան, և Դուք հստակ պահանջեցիք, որպեսզի մեղադրող դատախազը բերի Վերաքննիչ դատարանի որոշումը: Այսօր Դուք այդ որոշումը չպահանջեցիք, հետևաբար նշանակում է, որ Դուք խոսակցություն եք ունեցել դատախազի հետ և նա Ձեզ արտադատարանական կարգով հայտնել է, որ նման որոշում գոյություն չունի», - իր խոսքում նշեց փաստաբանը: - «Ինձ թվում է՝ Դուք արտադատարանական կապի մեջ եք եղել դատախազի հետ, և հետևաբար՝ այս հանգամանքը ողջամիտ կասկած է հարուցում մեզ մոտ Ձեր անկողմնակալության վերաբերյալ», - հավելեց Տիգրան Հայրապետյանը:

Ընդմիջում հայտարարելուց ու 40 րոպե անց նիստերի դահլիճ վերադառնալուց հետո Պողոսյանը փաստաբանի միջնորդությունը մերժեց ու բողոքին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությանն անցավ։

Կարո Եղնուկյանի փաստաբանը պնդեց՝ դատախազությունը խափանման միջոցը փոխելու մասին իրենց դիմումը քննության չի առել անհիմն պատճառաբանությամբ․ - «Այս միջնորդությունը մենք ներկայացրել ենք դեկտեմբերի 8-ին, այսինքն այն բանից հետո, երբ Կարո Եղնուկյանի մեղադրանքը փոփոխվեց, այն բանից հետո, երբ նախաքննությանը հայտարարվել էր ավարտ, և այն բանից հետո, երբ մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորներ, իրավապաշտպաններ իրենց երաշխավորությունը և դիմում-միջնորդությամբ դիմել էին գլխավոր դատախազին։ Ասել, որ այդ միջնորդությունը արդեն չպետք է քննվի, որովհետև նման միջնորդությունը արդեն քննվել է, ավելի քան անհիմն է և չպատճառաբանված»:

Դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ Կարո Եղնուկյանը նրան ու դահլիճում ներկաներին դիմեց, ասաց՝ 150 տոկոսով վստահ է, թե այս դատավորն ինչ վճիռ է հրապարակելու։

«Ինչպես անցած նիստին ես Ձեզ հարցնում էի՝ լավ տրամադրված չեք, իմ կարծիքով, նաև՝ այն փաստը, որ Դուք մերժեցիք ինքնաբացարկի միջնորդությունը, ես կարող եմ հիմա վստահ ավելացնել, որ Դուք պիտի գնաք և վերադառնաք՝ նորից մերժելով», - ասաց Եղնուկյանը՝ շարունակելով․ - «Եվ կխնդրեի ժողովրդին, որ «ամոթ» չգոռան, որովհետև ամոթի բան չկա: Ես կխնդրեի, որ դուք «բրավո» ասեք և ծափահարեք, որովհետև այս դատավորը հաստատ, 150 տոկոսով պիտի մերժի»:

Եղնուկյանի հայտարարությունից հետո ծափեր հնչեցին, ներկաները «բրավո» բացականչեցին։ Կանանցից մեկն էլ դատավորին հորդորեց վճիռն հենց այդ պահին հրապարակել, որից հետո Պողոսյանը նրան դահլիճից դուրս հրավիրեց։

Հուլիսին Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի դեմ միակ ապացույցը, փաստաբանի պնդմամբ, նրա հեռախոսային խոսակցություններն են։ Ընդդիմադիր գործչին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG