Մատչելիության հղումներ

«Իշխանության շահերի մեջ չէ, որ իրավապահ համակարգը լրջորեն զբաղվի ընտրակաշառքով»․ Լևոն Բարսեղյան


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Չնայած ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ մամուլում հնարավոր ընտրակաշառքի մասին լուրերին, մինչ օրս հարուցված քրեական գործեր չկան, տեղեկացանք ՀՔԾ-ից։

Ընտրակաշառքի մասին լուրերը, սակայն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրության կենտրոնում են, ով, այս օրերին մարզից մարզ այցեր կատարելով, անդրադառնում է առաջիկա ընտրություններին, իսկ Արմավիրի ոստիկանների հետ հանդիպմանը պնդեց՝ ընտրակաշառքը դժվար ապացուցվող երևույթ է։

«Չեմ կարծում, որ դրա դեմը առնելը անհնարին է: Եթե իր համայնքում համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, ես համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք և՛ հայտարարություն կտան, և՛ կպնդեն, և՛ մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել», - նշեց Գասպարյանը:

Տարիներ շարունակ ընտրությունները դիտարկած «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով, մինչդեռ, քաղաքական կամքի դեպքում ոստիկանությունը ընտրակաշառքի դեպքերը կբացահայտի, անգամ եթե ոստիկանական բաժին գնացող ու հանցագործության մասին հայտնող քաղաքացիներ չլինեն։

«Ի հակառակ այն մտքին, թե պիտի կողմերը խոսեն և այլն, և այլն, այլապես շատ դժվար է բացահայտել, ես հարցնում եմ՝ եթե, ասենք, փողոցում կացինը գլխի մեջ դիակ են գտնում, այդ դիակը գնում ցուցմո՞ւնք է տալիս, որպեսզի այդ գործը հետաքննեն, քրեական գործ հարուցեն և բացահայտեն հանցագործությունը», - «Ազատության» հետ զրույցում հարցնում է Բարսեղյանը՝ շարունակելով․ - «Ակնհայտորեն, իշխանության շահերի մեջ չէ, որ իրավապահ համակարգը լրջորեն զբաղվի դրանով»:

«Ասպարեզ» ակումբի ղեկավարի կարծիքով, եթե իշխանության վերին օղակներից հրաման լիներ բացահայտել ընտրակաշառքի դեպքերը, այսօր հանրությունը նախորդ ընտրություններից տասնյակ հարուցված քրեական գործեր և դատավարություններ կհիշեր, մինչդեռ դրանք հատուկենտ են եղել, եղածներն էլ կարճվել են․ - «Ճիշտն ասած, ժողովրդավարական պետության մեջ այդ հրահանգի կարիքը չպիտի լիներ: Իրավապահ համակարգը օրենքով վերապահված իր պարտականությունները պիտի կատարեր՝ պիտի կանխարգելեր, խափաներ և տաք հետքերով բացահայտեր, առավել ևս հանցագործությունից հետո այն բացահայտեր: Մեր իրականության մեջ իրավապահ համակարգը ուղիղ ենթարկվում է գլխավոր պաշտոնյային՝ դա Բաղրամյան 26-ում նստող Սերժ Սարգսյանն է»:

Տարբեր ընտրություններ լուսաբանելու և դիտարկելու իր փորձից Բարսեղյանը տասնյակ դեպքեր է հիշում, երբ լրատվամիջոցի հրապարակումներից հետո իրավապահ համակարգից նամակներ են ստացել, որտեղ քննիչները խնդրում եմ առավել մանրամասն հայտնել, թե լրագրողները ընտրակաշառքի այդ ինչ դեպքերի մասին են լսել և գրել: - «Խնդրում են, որ մենք իրենց պարտականությունների մի մասը կատարեն: Ապացույցներ են ուզում: Մենք իրենց փաստահավաք խումբը չենք: Եթե այդ լիազորությունը ունենայինք՝ ուզենայինք ստանձնել այդ լիազորությունը և ունենայինք, դա ուրիշ հարց», - ասում է նա:

«Իրազեկ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով հատկապես վերջին ընտրություններին դիտորդներն իրենց պարտականությունները լավ կատարում են, բայց չեն կարող ընտրություններից առաջ գաղտնալսել այսպես կոչված թաղային հեղինակությունների հեռախոսներն ու բացահայտել ընտրակաշառքի դեպքեր, մի գործառույթ, որ ըստ Իոաննիսյանի ոստիկանությունը չի կատարում նաև ապրիլի 2-ին ընդառաջ․ - «Պոտենցիալ ընտրակեղծարարները, այն մարդիկ, ովքեր ուզում են ընտրակաշառք բաժանել, ընտրողների վրա ճնշում գործադրել՝ իրենց միակ նպատակը, չբացահայտվելու առումով, դա՝ որ հանկարծ քաղհասարակությունը, լրատվամիջոցները կամ ընդդիմության ներկայացուցիչները իրենց ձեռքից չբռնեն: Իրենք ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որ փորձեն իրավապահներից էլ թաքնվել: Իրենք վստահ են, որ իրավապահները իրենց նկատմամբ որևիցե միջոց չեն ձեռնարկելու»:

Ի դեպ, Արմավիրում ընտրակաշառքի մասին տարածվող լուրերի մասին խոսելուց հետո, ոստիկանապետը պնդեց, որ ոստիկանության վրա անարդար քար նետողների պակաս չկա․ - «Դեպի ոստիկանություն քար նետողներ կան: Այսօր արդեն կան: Չարդարացված՝ բայց կան: Վաղը ավելի չարդարացված այդ երևույթներն ավելանալու են: Ի՞նչ է պետք անել՝ շատ հասարակ բան՝ լինել օրենքի սահմաններում և հասկանալ, որ ոստիկանությունն է մեր ընտանիքը, որ ոստիկանությունն է մեր կուսակցությունը, իսկ օրենքն էլ մեր ծրագիրն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG