Չի բացառվում, որ առաջիկայում Իլհամ Ալիևի ազգականներից ևս մեկը զբաղեցնի Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնը: Այս անգամ խոսքը Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի մասին է: Վկայակոչելով Նախիջևանում լույս տեսնող Serq Qapisi թերթի հրապարակումը` այս մասին տեղեկացնում են ադրբեջանական իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող մի շարք կայքեր:
Այդ հրապարակումների համաձայն՝ Նախիջևանի Գերագույն խորհուրդը` Մեջլիսը, այսօր արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգային միակ հարցը ինքնավար հանրապետության Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունն է: Մեջլիսում հավանություն ստանալու դեպքում Նախիջևանի Սահմանադրությունը ինքնավար հանրապետության խորհրդարանի ղեկավարին օժտելու է նաև Ադրբեջանի փոխնախագահի լիազորություններով: Այսօր հավանության արժանանալու դեպքում` երեք ամսվա ընթացքում կկայանա կրկնակի քվեարկությունը: Երկրորդ անգամ հավանության արժանանալու դեպքում Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը կուղարկվի Ադրբեջանի խորհրդարան` վերջնական հաստատման նպատակով: Այդպիսով, եթե իրադարձությունները զարգանան այն սցենարով, որ մատնանշում են ադրբեջանական լրատվամիջոցները, ապա ամենաուշը մայիսին Ալիևի ազգականներից ևս մեկը կզբաղեցնի երկրի փոխնախագահի պաշտոնը:
Վասիֆ Թալիբովը Իլհամ Ալիևի հետ ուղղակի ազգակցական կապ չունի, նրա կինն է Ալիևների ընտանիքից, ինչն էլ որոշիչ դեր է ունեցել Հեյդար Ալիևի համար, երբ նա 1995-ին որոշեց իր հայրենի Նախիջևանի ղեկավարի պաշտոնը փոխանցել Թալիբովին:
Պաշտոնավարման ավելի քան 20 տարիների ընթացքում Թալիբովն աչքի է ընկել սկանդալային հրամանագրերի ու արգելքների մի իսկական շարանով:
Վերջին մի քանի տարիներին միայն Թալիբովն արգելել է պետական հիմնարկությունների աշխատակիցներին սմարթֆոններով մուտք գործել աշխատավայր: Նախիջևանի պետական ապարատում աշխատող կանայք արդեն մի քանի ամիս է ինչ Թալիբովի հրամանով զրկված են մազերը ներկելու իրավունքից: Նախիջևանում փակվել են բոլոր խաղասրահները, հանրային վայրերում արգելվել է PlayStation խաղային սարքերի շահագործումը:
Ամիսներ առաջ Թալիբովը նաև հրահանգել էր հրաժարվել օտարերկրյա արտադրության մեքենաներից` պետական պաշտոնյաներից պահանջելով օգտվել բացառապես Նախիջևանում չինական արտոնագրով արտադրվող Naz Lifan մակնիշի մեքենաներից:
2014-ին Թալիբովի հրամանով արգելվել էր օտարերկրյա երաժշտության` այդ թվում թուրքերեն երգերի հեռարձակումը Նախիջևանի պետական հեռուստաընկերության ու ռադիոյի եթերում: Նույն 2014-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկացնում էր, որ Նախիջևանում սիրահարների զույգերին արգելվել է միասին հանրային վայրերում զբոսնել՝ արգելքը խախտելու դեպքում զույգերին բերման էին ենթարկում ոստիկանություն․ ադրբեջանցի լրագրողներին նմանատիպ առնվազն մի քանի դեպքերի մասին էր հայտնի դարձել:
Բացի այդ, Թալիբովն արգելել էր իշխանություններին քննադատող տպագիր մամուլի ներմուծումը ինքնավար հանրապետության տարածք:
Այս ֆոնին պատահական չէ, որ դեռ 5 տարի առաջ` 2012-ին «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը Վասիֆ Թալիբովին մամուլի թշնամի էր հռչակել: «Թալիբովը Նախիջևանը վերածել է մի յուրատեսակ լաբորատորիայի, որտեղ փորձարկվում են այն բոլոր բռնաճնշումները, որոնք հետագայում կիրառվում են Իլհամ Ալիևի կողմից ողջ հանրապետության մասշտաբով», - 2012-ին գրում էին «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության փորձագետները:
Հիշեցնենք, երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին փոխնախագահ նշանակեց իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: