Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը չի հերքում, որ գյուղերում ընտրություններից առաջ ալյուր ու բրինձ բաժանում են՝ պնդելով, որ դա ընտրակաշառք չէ, այլ բարեգործություն է:
Նման դեպքերը, սակայն, իշխող կուսակցության հետ կապելը ճիշտ չի համարում: «Եթե մարդը մեկին ինչ-որ բան ա տալիս որպես բարեգործություն, նրան քրեական պատասխանատվության կանչելը շատ դժվար բան ա: Կաշառքը․․․ շատ դժվար ա, եթե էդ պահին դու չես ասում, որ դա կաշառք ա: Մարդը օգնում ա էս մարդուն, դե էկեք ապացուցեք իրավական դաշտում, որ սա կաշառք ա: Մենակ մեր թեկնածուները չեն: Հանրապետականներ չասենք․ դրանք մարդիկ են, որոնք ռեյտինգային կարգով ընտրվում են․․․ Բոլոր կուսակցությունների ցուցակներում էլ կան մարդիկ, որոնք ինչ-որ չափով օգնել և օգնում են մարդկանց․․․ Ընտրություններից առաջ կլինի, հետո կլինի․․․ մինչև էդ չե՞ն օգնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն ասում է, որ եթե ընտրակաշառք չվերցնելու տարբերակ չկա՝ պետք է վերցնել, սակայն քվեարկել ազատորեն այն քաղաքական ուժի օգտին, ում հետ փոփոխությունների հույս են կապում․ - «Այս ընտրություններում ցավալիորեն առայժմ հաղթող են անտարբերությունը: Հաղթելու է այս պահին, ըստ խոստումների, աղքատությունը: Սոցիալական լարվածությունը կարծես թե այս վիճակում դեռ առաջին տեղում է գնում: Այնպիսի խոստումներ են տալիս, և ամբողջ պետական համակարգը՝ սոցիալական ծառայություններ, գազի, լույսի, դպրոցների, գյուղապետարանի․․․ ինչ համակարգ ասես խոստումներով ընկել է ժողովրդի ջանին, քաղաքացու ջանին ու ասում է՝ ես քեզ էսքան տալու, կգնաս կքվեարկես, անձնագիրդ տուր․․․ Այդ առումով սա ամենաայլանդակ նախափուլն է, որ մենք երբևէ ունեցել ենք: Միակ լուծումը՝ որ ժողովուրդը բոլորին ասի հա, գնա իր անելիքը անի»:
«Ազատ դեմոկրատների» ցուցակով առջադրված Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, վստահ է՝ կաշառք վերցնելն ու ուրիշի օգտին քվեարկելու կոչը դժվար թե իրավիճակ փոխի․ - «Որովհետև այստեղ խնդիրը նա չի, որ այնուամենայնիվ դու ինչ-որ եղանակով փրկում ես քաղաքացու քվեն, նրան հուշում ես ինչ-որ ձևեր: Խնդիրը նա է, որ փաստացի մենք կոչ ենք անում, որ ընտրողները ավելի մեծ մասշտաբով ներգրավվեն այդ գործընթացում, որտեղ արդեն քաղաքական պայքարի համար տեղ չի մնում, ծրագրերի համար տեղ չի մնում: Հետևաբար այս կտրվածքով ես այլ տեղ եմ տեսնում լուծումը․ եթե վերցնում եք ձեր ընտրակաշառքը, ապա մեզանից մի պահանջեք լավ երկիր»:
Ընտրակաշառքը վերցնելու, սակայն տվողի օգտին չքվեարկելու կոչը չի ընդնում նաեև Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի ձևավորած «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը: Իրավիճակը, նրա խոսքով, կարող է փոխվել, եթե փոխվի ընդհանուր քաղաքական մթնոլորտը, իշխանությունը, սակայն, ի զորու չէ քաղաքկաան կամք դրսևորել և ընտրակաշառքն ու ճնշումները վերացնել, քանի որ այս ընտրություններում նրանց ունեցվածքի և ազդեցության հարց է լուծվում․ - «Ակնհայտ է, որ իշխանության մեջ շատ են մարդիկ, որ այս տարիների ընթացքում կուտակել են շատ մեծ հարստություն, անօրինական ձեռք են բերել ունեցվածք, որի համար պետք է պայքար մղեն: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ինչու է հարյուր միլիոնավոր դրամներ ծախսում իր ընտրարշավի համար, երբ, ասենք, հինգ տարվա համար պետք է ստանա ընդամենը մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձ: Իսկ նա այդ գումարը ծախսում է ընդամենը մեկ շտաբի համար: Պարզապես պահպանելու այն իշխանությունը, որ ունի Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը, և իհարկե պահպանելու իր ունեցվածքը»:
«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ դեռ ահազանգեր չունեն:
Իսկ ընտրակաշառքի խնդրի լուծումը, ըստ նրա, ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում է․ - «Դրա դեմ մենք չէ, որ պետք է պայքարենք: Քաղաքական լուծում դրան չկա, դա իրավական խնդիր է: Քաղաքական լուծումն այն է, որ իշխանություն փոխվի և իրավապահ մարմինները ոչ թե Հանրապետական կուսակցության կամ իշխանության զինված ջոկատները լինեն, այլ լինեն իսկապես քաղաքացիների պաշտպանության գործին լծված օրինապահ մարմիններ»: