Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշի քվեաթերթիկը չսահմանված նմուշի ճանաչել ծրարի վրա գրառում լինելու դեպքում միայն, ապա, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ուղղակի վերահսկվող քվեարկությունների «մի հիասքանչ հնարավորություն է բացվում»։
«Ազատություն». - Եթե, օրինակ, ծրարի մեջ քվեաթերթիկից բացի այլ թուղթ է դրված ինչ-որ մի գրառմամբ, արդյո՞ք դա ԿԸՀ-ն անվավեր կհամարի։
Իոաննիսյան. - Սա է ամբողջ հարցը, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քիչ այլ կերպ ընկալեց մեր դիմումը և մերժեց, մենք այն վերաձևակերպած նորից կուղարկենք։ Ամեն դեպքում, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասի՝ «ոչ, այստեղ օրենսդիրը նկատի է ունեցել միայն ծրարի վրայի գրառումը», դա կստացվի, որ ես կարող եմ այցեքարտը դնել ծրարի մեջ, ու բոլորին ակնհայտ կլինի, որ սա Դանիել Իոաննիսյանի քվեաթերթիկն է, բայց այդ քվեն միևնույն է կհաշվվի։ Բոլոր մյուս մեխանիզմները՝ քվեարկության գաղտնիության պաշտպանության, առոչինչ են դառնում, որովհետև հիասքանչ մեխանիզմ է։ Կարող է լինել ոչ թե այցեքարտ, այլ, օրինակ, կարող են ամեն ընտրողի մի համարով թղթիկ տալ, որն իրենք գիտեն, և այդպես վերահսկեն։ Կամ կարող են բոլորին նույն ձև կանաչ թղթիկներ տան՝ 100 հոգու, բայց ամեն մեկը չիմանա, որ ևս 99 հոգու են տվել այդ կանաչ թղթիկը, և վախենա քվեարկի այնպես, ինչպես իրեն հրահանգում են։ Սա խնդրահարույց է, և մենք ուզում ենք, որպեսզի բոլոր այն ծրարները, որոնց մեջ բացի քվեաթերթիկից ինչ-որ այլ թուղթ կլինի, բոլորը համարվեն չսահմանված նմուշի և մարվեն։
«Ազատություն». - Այժմ օրենքը չի՞ հստակեցնում՝ դա սահմանված նմուշի է, թե՝ ոչ։
Իոաննիսյան. - Այժմ օրենքում ձևակերպումն անհստակ է, կարծես թե ԿԸՀ-ն հակված է համարելու, դա դեռևս պաշտոնական տեսակետ չի, բայց հակված է համարելու, որ միայն ծրարի վրայի գրառումն է անվավեր։ Այսինքն՝ չսահմանված նմուշի ճանաչելու համար միայն ծրարի վրա գրառում պետք է լինի, ծրարի մեջ ինչ էլ լինի, կարևոր չի։ Բայց այդպես մենք ոչ մի տեղ չենք գնա, որովհետև այդպես կստացվի, որ իսկապես կարելի է այցեքարտ դնել ծրարի մեջ, ու արդեն քվեարկության գաղտնիության բոլոր մեխանիզմներն առոչինչ են լինում և ուղղակի վերահսկվող քվեարկությունների մի հիասքանչ հնարավորություն է բացվում։