«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, իրենք նախատեսում են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասերում ունենալ շուրջ երեք հազար հինգ հարյուր դիտորդներ:
«Այս պահին պլանավորված է, որ մենք ներկա կլինենք մոտ 1750 ընտրատեղամասում, և մեր դիտորդները կհասնեն մոտավոր 3500-ի: Այս պահին արդեն 2800 հոգի ունենք գրանցված, և կարծում եմ, կհասնի դա մինչև 3500-ի: Փաստորեն հանրապետությունում կա 2000 ընտրատեղամաս, բայց պետք է հաշվի առնել, որ եթե 1750 ընտրատեղամասում դիտորդները ներկա են լինում, ապա իրենք այսպես ասած փակում են ընտրողների 95 տոկոսը: Մնացած համայնքները, որտեղ մենք ներկա չենք լինելու, հիմնականում փոքր համայնքներն են: 2800-ը, որի մասին մենք խոսում ենք, մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը ամբողջովին Հայաստանի Հանրապետությունից են գրանցված», - այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց Գրիգորյանը:
Սփյուռքահայերի հայրենադարձությամբ զբաղվող «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը նկատում է, որ ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքի դրսևորած ակտիվությունն այժմ կարող է նոր հուն մղվել․ - «Ես անձամբ որևէ տարբերություն չեմ տեսնում․ սփյուռքահայը աջակցում է ապրիլյան դեպքերից հետո բանակին կամ մասնակցում է որպես անկախ դիտորդ: Իմ կարծիքով, և՛ այն, և՛ այն դեպքում այս քայլը պիտի ողջունելի լինի թե՛ հասարակության կողմից, թե՛ պետության կողմից, թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից»:
2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում դիտորդություն իրականացրած Մարաշլյանն ընդգծում է, որ ընտրախախտումները, իհարկե, միայն քվեարկության օրը չեն տեղի ունենում, սակայն ընտրակաշառքի բաժանումն ու վարչական ռեսուրսի կիրառումը կանխել իրենք հիմա չեն կարող․ - «Եթե մենք հիմա փորձենք արձագանքել բոլոր այդ խնդիրներին, ապա պարզ է, որ մենք հաջողության չենք հասնի: Մենք սկսում ենք ակնհայտ այս խնդրից և գնալով բարձրացնում ենք այսպես ասած գրադուսը: Եվ ոչ միայն մենք․․․ Սա շատ կարևոր ձևաչափ է, որով մենք կարող ենք Սփյուռքը կապել Հայաստանի հետ: Սա պետք է դառնա մեր մշակույթի մի մասը․ ոնց որ մարդիկ գալիս են ապրիլի 24-ին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 21-ին Հայաստան, նույնպես իրենք հետևեն, թե ինչ կարևոր ընտրություններ կան, և գան մասնակցեն»:
ImpactHub հիմնադրամի համահիմնադիր, շուրջ տասը տարի Հայաստանում բնակվող Վահե Կեուշգուերյանը վստահեցրեց, որ դիտորդներն անպայման մնալու են անկողմնակալ և զբաղվելու են միայն քաղաքացիների քվեների պաշտպանությամբ․ - «Ով հաղթեց՝ անկարևոր է: Այնքան է շարժում է էսօրվա դրությամբ քաղաքական, որ հետևելը նույնիսկ դժվար է․․․ Մեզ համար կարևոր է, որ մեկ հոգու ձայնը գրանցվի իբրև ճիշտ ձայն: Հետո ինչ կընտրվի, ով կընտրվի, դա երկրորդական է: Այսինքն, քաղաքական դաշտում է, այդ դաշտը մենք չենք մտնում»:
«Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը որպես դիտորդական առաքելության հաջող օրինակ հիշեցնում է 2015-ի սահմանադրական հանրաքվեն, որի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերով հարուցվել է 74 քրեական գործ, ինչն ավելի շատ է նախորդ բոլոր ընտրությունների թվից:
Ըստ Գրիգորյանի՝ խախտումների նման թվով բացահայտման մեջ կարևոր դեր են ունեցել հենց դիտորդները․ - «Կարող է ամբողջական չկարողանանք լուծել հարցերը, բայց ինչ-որ մի ներդրում մենք ունենում ենք՝ նույն այդ քրեական գործերի թվով, հանրությանը ներկայացված խախտումների թվով ու ավելի հիմնավոր աշխատանք կատարելու տեսանկյունից»:
Քննարկման բանախոսներն ընդգծեցին, որ Սփյուռքի ներգրավմամբ գործընթացը ընտրության օրը չի ավարտվելու: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելու համար «Քաղաքացի դիտորդի» նախաձեռնությանն են միացել նաև սփյուռքահայ հայտնի արվեստի գործիչներ՝ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյյանը: