Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը պնդում է՝ մարզում քարոզչություն չկա


Նախընտրական քարոզարշավին ընդառաջ Արարատի մարզում խմորումներ են սկսվել դպրոցների տնօրենների, նորանշանակ մարզպետի հանրապետական եղբոր և նախկին ոստիկանապետ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի միջև։

Մարզի խոշորագույն դպրոցների տնօրենները դիմել են «Չորրորդ իշխանություն» պարբերականին՝ ահազանգելով իրենց նկատմամբ արդեն իսկ կիրառվող ճնշումների մասին։

Ըստ թերթի՝ մարզպետը քարոզչություն է իրականացնում իր եղբոր՝ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանի համար, իսկ Ալիկ Սարգսյանը՝ իր համար։

«Ազատության» հետ զրույցում, մինչդեռ, անկուսակցական Արամայիս Գրիգորյանը վստահեցրեց՝ իրենք դեռ ոչ մի քարոզչություն չեն իրականացրել․ - «Ընդհանրապես մեր մարզում քարոզչություն չկա, Հանրապետությունում քարոզչություն չկա: Երբ որ քարոզչությունը կլինի, այդ թեմայով մենք կխոսենք: Իսկ հերյուրանքներ միշտ կարող են լինել, պատվերներ միշտ կարող են լինել: Ես հավաստիացնում եմ, որ դրանք ընդամենը պատվերներ են»:

Նկատենք, սակայն՝ մեր այցի պահին Արամայիս Գրիգորյանի աշխատասենյակում էին մարզի դպրոցների մի խումբ տնօրեններ։ «Ազատության» հարցերին ի պատասխան նրանք ասում էին, որ հավաքվել են կրթական հարցեր քննարկելու:

Ալիկ Սարգսյանը ևս պնդեց՝ ինքը պայքարում է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ Հանրապետականի համար․ - «Բնականաբար, լավ կլինի, թե ռեյտինգով ով շատ ձայն կունենա, բայց դա կոնկրետ ինձ համար, որպես Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նախագահ, առաջնայինը չէ և էականը չէ: Ինձ համար գլխավորը՝ Հանրապետական կուսակցությունը Արարատի մարզում որքան քվե կունենա»:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չբացառեց, որ միգուցե մարզպետի եղբայրն իրենից ավելի շատ ձայն հավաքի, բայց վստահեցրեց՝ հանուն իր ռեյտինգի որևէ մեկին չի խոչընդոտելու։

«Արարատի մարզում ես չունեմ այդ պրոբլեմը, որովհետև ժողովուրդը ինձ ճանաչում է, ժողովրդի հետ հարաբերվել, աշխատել եմ երկար տարիներ: Կարծում եմ՝ ամենամարդկային, ջերմ հարաբերություններն են մեր մեջ: Մեկ է՝ ժողովուրդը իմաստուն է, ովքեր ինձ ճանաչում են՝ ձայն կտան: Անհրաժեշտ ձայներ ես կունենամ: Չեմ կարծում՝ պատիվս խաթարվի դրանով», - նշեց նա:

«Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի հավատում վստահեցումներին, թե ուսուցիչների վրա ճնշումներ չեն գործադրվում: Ազատ դեմոկրատների ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված կրթության ոլորտի փորձագետը պնդում է՝ դպրոցներում նախընտրական քարոզչություն եղել է, և առաջիկա ընտրություններն էլ բացառություն չեն լինի․ - «Քաղաքական քարոզչությունը դպրոց մտել է, եղել է, այսօր էլ կա և սա չափազանց վտանգավոր երևույթ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG