Առողջապահության նախարարությունը զգուշացնում է շուկայում կեղծ դեղերի շրջանառության մասին: Հակաբիոտիկների շարքից նշվում է «Ցեֆտրիակսոն-Աստերիան» և արյան ճնշման իջեցման համար նախատեսված «Պերստանս» սերիան: Առողջապահական պետական տեսչության ստուգումների արդյունքում Երևանի և մարզերի որոշ դեղատներից առգրավվել են կեղծ դեղերի խմբաքանակներ:
Ներկայումս քննություն է տարվում՝ պարզելու, թե ինչպես և որ մատակարարի միջոցով են դրանք հայտնվել վաճառքում: «Գործն արդեն իրավապահների տիրույթում է»,- ասում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն ու հավելում՝ «Ուղիղ ներմուծմամբ սա հնարավոր չէր անել, սա զուգահեռ ներմուծմամբ կամ այլ ճանապարհով Հայաստան մուտք եղած դեղեր են»:
Կեղծ դեղերի մի մասն արդեն վաճառվել է, թե ինչ քանակությամբ, անհայտ է, ասում է Առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը: Քննությունից ելնելով՝ գաղտնի է պահվում նաև այն դեղատների ցանկը, որոնցում կեղծ դեղեր են վաճառվել: «Դեղատուն է եղել, որ ասենք՝ մինչև 10 տուփ, 13 տուփ է վաճառվել: Մեզ 13 դեղատան անուն է տրվել․․․»,- ասաց Պուրտոյանը:
Ի՞նչ բաղադրություն են ունեցել այդ դեղերը, արդյո՞ք եղել են ժամկետանց և վերափաթեթավորված դեղեր, լաբորատոր փորձաքննությունն այս հարցերի պատասխանը կտա առաջիկա օրերին: Մինչ այդ, «Պերստանս» տեսակի դեղի կեղծ լինելու մասին, օրինակ, վկայում է ոչ գործարանային փաթեթավորումն ու սերիայի համարը:
«Պերստանս 5մգ/10մգ»-ի հարաբերակցությամբ դեղի տուփերը հուշում են նաև ռուսական արտադրության մասին: Այս տեսակը շուկայում է հայտնվել նաև առանց դրոշմապիտակավորման, ի տարբերություն՝ կեղծ «Ցեֆտրիակսոն-Աստերիայի», որն ունեցել է դրոշմապիտակ: Նախարարության մասնագետներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա դեղատների պատասխանատվության շրջանակում է, պատասխանեցին՝ «Օրենքով պետք է դեղատան աշխատողներն ավելի շուտ բացահայտերին, բայց դրոշմապիտակ ունեցել է»:
Կեղծ դեղերի մասին ահազանգն անհանգստացրել է նաև դեղատնային ցանցերի ներկայացուցիչներին: «Լևոն և Լամարա» ընկերության տնօրենը հարցնում է՝ «դեղի օրիգինալ լինել-չլինելը, դեղատներն ինչպե՞ս պետք է պարզեն, եթե մատակարարից գնում են դրոշմավորված և հաշիվ ապրանքագրով: Դրոշմապիտակավորումը մտցրին նրա համար, որ կանխեն կեղծ դեղերի ներկրումը: Բա էլ ի՞նչ իմաստ ուներ»:
Արդեն 25 տարի այս որոլտում աշխատող Լամարա Իսախանյանը պնդում է, որ Առողջապահական պետական տեսչության մասնագետները ցանկության դեպքում կարող են պարզել կեղծ դեղերի մատակարարին: Միայն դեղատներում առկա փաստաթղթերը բավական են: «Հարգելիս, եթե էսօր իրանք դեղ են վերցրել, ասում եմ՝ փաստաթղթով ա՞, թե չէ, գաղտնիք ա, չգիտենք, քննությունը կպարզի: Ի՞նչ կպարզի, դուք միանգամից չե՞ք կարող տեղում պարզել»,- հարց է տալիս Լամարա Իսախանյանը:
Կեղծ և չգրանցված դեղեր փնտրող տեսչության աշխատակիցները տարեսկզբին եղել են նաև այստեղ: Դեղատնային ցանցի տնօրենի խոսքով՝ ստուգման արդյունքում 2 անուն դեղ համարել են չգրանցված ու իրենց տուգանել յուրաքանչյուր տուփի համար 100 հազար դրամի չափով: Մինչդեռ, ըստ Իսախանյանի, իրականում ամեն ինչ կարգին էր, մատակարարի տրամադրած փաստաթղթերն էլ օրինական էին, բայց դա նախարարության համար «ոչ մի արժեք չուներ»:
«Եթե իրենք ներկրողի հետ ինչ-որ խնդիրներ ունեն, որը մեզ օրինական դրոշմավորել է և տվել է, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկեն ներկրողին: Բայց, չգիտես ինչու, իրենց ավելի հեշտ է մեզ պատասխանատվության ենթարկել»,- շարունակում է Լամարա Իսախանյանը:
Նրա խոսքով, դեղերի մասին նոր օրենքով տուգանքների չափը մի քանի անգամ ավելացել է: Եվ այս պարագայում տուժում է մեծ շղթայի վերջին օղակը: Մինչդեռ՝ «մեղավորներին վերևում է պետք փնտրել»: