Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներ․ Լեռնային Ղարաբաղը կողմ քվեարկեց նոր Սահմանադրությանը


Լեռնային Ղարաբաղ - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 20-ը փետրվարի, 2017թ․
Լեռնային Ղարաբաղ - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 20-ը փետրվարի, 2017թ․

Լեռնային Ղարաբաղում երկուշաբթի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ներկայացված Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ կամ մասնակիցների 87․6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686-ը կամ 9․7 տոկոսը, անվավեր է ճանաչվել 2 հազար 202 քվեաթերթիկ կամ 2․8 տոկոսը: Այսօր ժամը 3-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

Հաղորդվում է նաև, որ քվեարկությանը մասնակցել են 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը:

Նախնական արդյունքները այսօր կեսօրին հրապարակելու է Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Սա Լեռնային Ղարաբաղում երրորդ հանրաքվեն է: Առաջինը 1991 թվականի դեկտեմբերին էր՝ Անկախության հանրաքվեն, երկրորդը՝ 2006 թվականի դեկտեմբերին՝ Սահմանադրության հանրաքվեն:

Երեկ հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծի հիմնական կետը, հիշեցնենք, հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական հանրապետությունից դառնում է նախագահական հանրապետություն, վարչապետի պաշտոնը վերանում է, և նախագահը ղեկավարում է նաև կառավարությունը:

Այս փոփոխությունը առաջացրել է տեղի ընդդիմադիրների մտահոգությունը: Նրանք գտնում են, որ սա կարող է ճանապարհ հարթել դեպի ավտորիտարիզմ, և այս ամենը արվում է, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը հնարավորություն ստանա նախագահել մինչև 2030 թվականը: Իշխանությունները, սակայն, հերքում են այդ պնդումները:

Հանրաքվեին հետևում են ավելի քան 100 միջազգային դիտորդներ տարբեր երկրներից ու կառույցներից՝ Եվրամիության խորհրդարանից, Ռուսաստանից, տարբեր աշխարհամասերից: Այսօր նրանք հանդես են գալու ասուլիսներով:

Դիտորդներ կան նաև Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Ամենատարածված հարցերից մեկը երեկ այստեղ նաև այն է, որ թե ինչքանով է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված դեպքը ազդել դիտորդների վրա: Պաշտոնական Բաքուն երեկ էլ հայտարարել է, թե բոլոր այն անձինք, ովքեր որպես դիտորդ ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում հանրաքվեին, մաս են կազմելու Ադրբեջանի հայտնի «սև ցուցակին»: Դիտորդներին, այդուհանդերձ, առանձնապես չէր մտահոգում Ադրբեջանի հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG