Մատչելիության հղումներ

18-ամյա զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, արխիվ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, արխիվ:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անցած շաբաթ օրը բանակում ոչ մարտական պայմաններում զոհված 18-ամյա Լեռնիկ Օսյանի մահվան դեպքի առիթով։

«Ազատության» հետ զրույցում կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 18-ամյա զինվորը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել իրեն ամրակցված գնդացրով: Նրա դին հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում։

Լեռնիկ Օսյանը Լոռու մարզի Օձուն գյուղից էր։ Այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը:

Գյուղապետ Արսեն Տիտանյանն «Ազատությանն» ասաց, որ Լեռնիկը ծնողների միակ զավակն էր, ու հավելեց․ - «Խելոք տղա էր, հանգիստ տղա էր, անշառ տղա էր»:

Հարցին, թե ինքնասպանության վարկածի հետ արդյոք համաձայն են ծնողները, գյուղապետը պատասխանեց․ - «Մինչև փորձագետը վերջնական եզրակացություն չտա․․․ Տարբեր վարկածներ են ասում, ո՞վ կարա ասի՝ ճիշտ ա թե սխալ ա»:

Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում տեղեկություններ, թե այս տարվա առաջին երկու ամիսներին քանի զինվոր է մահացել բանակում խաղաղ պայմաններում։ Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ թվերը կհրապարակեն առաջիկայում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, երկու ամիսների ընթացքում Զինված ուժերում արդեն մահվան 11 դեպք է արձանագրվել։ Ընդ որում, դրանցից միայն 5-ն է, որ հակառակորդի գնդակից է եղել։ Մնացած 6-ը, հասարակական կազմակերպության տվյալներով, տեղի են ունեցել խաղաղ պայմաններում։

Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ, իրենց տվյալներով, 2016-ի նույն ժամանակահատվածում բանակում մահվան դեպքերը ավելի քան 2 անգամ պակաս են եղել՝ հավելելով, որ անգամ ինքնասպանության դեպքերում պատասխանատվությունը առաջին հերթին բանակի ղեկավարներինն է․ - «Հրամանատարների պատասխանատվության աստիճանը այդ քրեական մտածելակերպի և հարաբերությունների վերացման ուղղությամբ դեռևս, ցավոք սրտի, անբավարար մակարդակի վրա է գտնվում, որովհետև կա՛մ չեն կարողանում հաղթահարել այդ դսևորումները, կա՛մ [կան] խոչընդոտող գործոններ, որոնց պատճառը հենց հրամանատարները չեն, այլ բարձրագույն ղեկավարներն են Զինված ուժերի, որոնք չեն կարողանում արմատախիլ անել այն սպառնալից գործոնները՝ կոռուպցիան, հովանավորչությունը, որոնք հանգեցնում են այդպիսի անմխիթար իրավիճակին»:

Իրավապաշտպանը քննադատում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ նշելով, թե դրամահավաքության փոխարեն նախարարը պետք է բանակում տարիներով արմատացած խնդիրներով զբաղվեր:

«Հովանավորչութուն, կոռուպցիա, որակյալ հրամանատարության պակաս․ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք Զինված ուժերում նման իրավիճակ են ստեղծում», - ասում է Սաքունցը։ - «Ընդհանրապես Պաշտպանության նոր նախարարը, որ պատրաստվում էր այդ պաշտոնը զբաղեցնել և պաշտոնը զբաղեցնելուց հետո իր առաջին խնդիրը դարձավ փող հավաքելը, ոչ թե մարտական հերթապահության կանոնների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կանոնադրական հարաբերությունների պահպանումը, ինքնասպանությունների ու սպանությունների հանգեցնող պատճառների վերացումը, Զինված ուժերում ընդհանրապես հրամանատարների պատասխանատվության բարձրացումը»:

Սաքունցի խոսքով, հրամանատարների պատասխանատվության հանգամանքը ինքնասպանությունների գործերը քննելիս իրավապահների կողմից շարունակվում է անտեսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG