Մատչելիության հղումներ

Ժիրայր Դադասյան․ Տասնամյակներ սպասել ենք այս օրվան


Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը իր և թատրոնի դերասան Ինգա Հախնազարյանի հանդիպումը լրագրողների հետ «պատմական» որակեց․ - «Այսօր պատմական ասուլիս է: Մենք շատ ենք սպասել այս օրվան, տասնամյակներ ենք սպասել, և վերջապես իրականություն դարձավ»:

Թատերախմբի ծրագրերը ներկայացնելուց առաջ Դադասյանն ասաց, որ իրենց համար կարևորագույն հարցը թատրոնին վերջերս տրամադրված տարածքն ամբողջովին հիմնանորոգելն է և մինչև տարեվերջ հանդիսատեսի առջև թատրոնի դռները բացելը․ - «Արդեն անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսքով տեսնենք շենքը և այն միջավայրը, որը կստեղծենք այնտեղ: Դա կլինի մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը: Ուղղակի վստահ եմ»:

Թատրոնի դերասանուհի Իննա Հախնազարյանն ասաց․ - «Ես 18 տարի է, ինչ աշխատում եմ Մնջախաղի թատրոնում որպես մնջախաղաց դերասանուհի, և 18 տարի տարբեր բեմերում խաղալուց հետո սա պարզապես անասելի երջանկություն է: Այն կկրկնապատկվի այն ժամանակ, երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, և կեռապատկվի՝ երբ մենք արդեն լինենք մեր բեմում»:

«Քանի որ դա գրապալատ է եղել, և այդտեղ գրքի շունչը պիտի լինի: Երբ որ ասում եմ գիրք, ես գիրքը մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում: Պատկերացնում եմ ավելի մատյան, ձեռագիր մատյան եմ պատկերացնում, որովհետև մեզ համար, հայերիս համար գիրքը առաջին հերթին հենց դա է: Եվ այդ մատյաններում պահպանված, լուսանցքներում նկարված մնջախաղացներին եմ պատկերացնում: Եվ հավանաբան այդպիսի մի կոնցեպտ կլինի, որտեղ այդ միջնադարյան միմերը, դիմակները կլինեն: Որովհետև մեր թատրոնի ուղղվածությունը, կարծես, ազգային թատրոնի ավանդներին առնչվելու ուղղությամբ է գնում, և վերջին շրջանում դրա բավականին հետաքրքիր դրսևորումները մենք ունեցանք: Ընթացիկ մեր աշխատանքները, բնակաբար, պիտի կատարենք, այնպես, ինչպես որ աշխատել ենք, պիտի շարունակենք աշխատել, ուղղակի՝ մի քիչ ավելի շատ ոգևորությամբ: Եվ ամռանն էլ պիտի պատրաստվենք մեր հերթական փառատոնին: Զարմանալի մի բան ասեմ․ դիմել են Վիետնամից, և դիմել են պաշտոնական խողովակներով, որ իրենց երկրում մնացել է վերջին միմը, և իրենք շատ կուզեն, որ այդ վերջին միմը մասնակցի մեր փառատոնին: Բավական հետաքրքիր արտիստ է, և կհրավիրենք անպայման», - նշեց Դադասյանը:

Մինչ կսկսվեն թատրոնի նոր տարածքի նախագծման և հիմնանորոգման աշխատանքները, թատերախումբը կշարունակի հանդես գալ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Մինչև տարեվերջ սպասվում են թե՛ հյուրախաղեր, թե՛ նոր բեմադրություններ: Թատրոնը նոր թատերաշրջանը կբացի մարտի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG