Մատչելիության հղումներ

Նիկոյան. ՀՀԿ համապետական ցուցակի մինչև 64 համարը չեք կարող գտնել մեկին, ում կարող եք քննադատել


Իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հանրությանն առաջարկում է թեկնածուների ընտրության լայն սպեկտր՝ մշակութային գործիչներից մինչև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, թող հանրությունն էլ ընտրի այն թեկնածուին, ով իր արժեհամակարգին մոտ է, հոգեհարազատ է։ Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։

«Ազատություն». - Հանրապետականի ցուցակում կան մարդիկ, ովքեր ոչ միայն գործարար են, այլև օլիգարխ են։

Նիկոյան. - Այո՞, այդպիսիք կա՞ն։

«Ազատություն». - Ցայտուն օրինակը Սամվել Ալեքսանյանն է, ընդ որում օլիգարխ է և հենց իր ոլորտում ինքը գերիշխող դիրք ունի, այդ իմաստով այստեղ չե՞ք տեսնում շահերի բախում։

Նիկոյան. - Մոնոպոլը, օլիգարխը... նախ մոնոպոլն օլիգարխի հետ առանձնապես կապ չունի, բայց ընդհանուր առմամբ ոչ թե դա մեր համապետական ընդհանուր փակ ցուցակն է, այլ ըստ էության բաց համամասնականն է, կամ ինչպես ընդունված է ասել՝ ռեյտինգային։ Մենք հետևյալ տրամաբանությամբ ենք առաջնորդվել՝ մենք հանրությանն առաջարկում ենք լայն սպեկտր մինչև 15 հոգի որևէ ընտրատարածքում, որտեղ կան մշակութային գործիչներ, որտեղ կան գիտնականներ, որտեղ կան մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն, և կարող են նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ լինեն։ Մենք հանրությանն ասում ենք՝ սիրելի՛ հանրություն, ձեզ Հանրապետական կուսակցությունը մաժորիտար այդ համակարգում ներկայացնում է 14, 15 հոգու թեկնածություն, դուք, յուրաքանչյուրդ՝ ըստ ձեր արժեհամակարգի, ինչը ձեր հոգուն հոգեհարազատ է, ով ձեր տեսակին է, ընտրե՛ք նրան։ Իսկ փակ համապետական ցուցակը կուսակցությունն է որոշում՝ էն առաջին 64-ը, մինչև այնտեղ Դուք չեք կարող գտնել որևիցե մեկին, ում կարող եք քննադատել, որովհետև դա կուսակցությունն է որոշում, իսկ ռեյտինգայինի դեպքում հանրությունը պետք է որոշի, թե նրանցից ով պետք է լինի պառլամենտում, և մենք հանրությանը տալիս ենք տարբեր տեսակի մարդկանց ցուցակ, թող իրենք ըստ իրենց արժեհամակարգի ընտրեն ում ուզում են։

«Ազատություն». - Տեսակետ կար, որ այս անգամ Հանրապետականը պետք է փորձեր մի փոքր ավելի բարձր մշակութաբանական, ավելի բարձր արժեքներ դավանող թեկնածուներ ներկայացնել, իր շարքերը պետք է մաղվեին, և ավելի ներկայանալի պատգամավորական թեկնածուներ լինեին, բայց կարծես դա տեղի չունեցավ, բոլոր այն հայտնի անունները, որոնք կային նախկինում, այսօր էլ կան՝ մարդիկ, ովքեր հայհոյել են խորհրդարանում, ովքեր անհանդուրժող են եղել իրենց գործընկերների նկատմամբ, մասնավորապես՝ ընդդիմության նկատմամբ։

Նիկոյան. - Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ. այն ցուցակը, որը կուսակցությունն է որոշել, այդ ցուցակում Դուք այդպիսի մարդ չեք կարող գտնել բացարձակապես, պահպանված է այնտեղ Ձեր ասած բարձր քաղաքակրթական և մշակութային մակարդակը։ Եթե նայեք առաջին, երկրորդ և երրորդ տասնյակը, ընդհանուր առմամբ բոլորը, ապա դա լիովին համապատասխանում է Ձեր ասած քաղաքակրթական և նույնիսկ մշակութային ամենաբարձր մակարդակին, որևէ այլ ցուցակում այդ մակարդակը պահպանված չէ, որովհետև մեզ մոտ դա շատ ավելի բարձր է։ Հիմա, երբ անդրադառնում ենք մաժորիտար, ես ասում եմ, որ բոլոր տեղերում կան գիտության դոկտորներ, կան մշակութային գործիչներ, կամ երիտասարդ կանայք, լայն սպեկտր կա: Նորից ենք ասում՝ հանրությունը պետք է որոշի՝ ուզում է պառլամենտում լինի մշակութային գործի՞չ, կամ գիտությունների դոկտո՞ր, դասախո՞ս, թե՞ լինի ով, դա արդեն հանրությունը թող որոշի: Իմիջիայլոց, եթե ուշադիր լինեք, նաև մաժորիտար համակարգում բավականին, ինչպես Դուք եք նկարագրում, այդ մարդկանցից շատ քիչ են, եթե կան էլ, ապա նրանցից պառլամենտում կարող է հայտնվել մեկ-երկու մարդ։

«Ազատություն». - ՀՀԿ ցուցակում չկա նախագահի անունը, ի՞նչ է լինելու նախագահի հետ, նախագահն ի՞նչ է անելու, այսինքն՝ նախագահը դո՞ւրս է մնում գործադիր իշխանությունից, ինչպե՞ս է լինելու։

Նիկոյան. - Տեսե՛ք, շատ հստակ հիմա ասեմ մի բան՝ նախագահը որ ցուցակում չէ, դա նշանակում է, որ առաջ ասում էին, որ նախագահը ցանկանում է լինել պառլամենտում, լինել պառլամենտի ղեկավար և, որպես պառլամենտական երկիր, պառլամենտից ղեկավարել երկիրը, ա՛յ սա ցույց տվեց, որ չէ, հանրապետության նախագահը չի ուզում լինել Ազգային ժողովում, չի ուզում լինել նախագահ, և այդ կապակցությամբ բավարար բացատրություններ տվել է հանրապետության նախագահը, ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասվել է։

«Ազատություն». - Բայց նաև կար մյուս վարկածը, պարոն Նիկոյան, որ նա կարող է նաև վարչապետ լինել՝ իբրև գործադիր իշխանության ղեկավար շարունակել...

Նիկոյան. - Կգա 2018 թվականը, և այդ մասին բոլորին շատ հստակ կհայտարարվի։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 19-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG