Մատչելիության հղումներ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը


Երկրորդ տեղում է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երրորդում՝ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը:

Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան դաշինքի 148 հոգանոց ցուցակը կգլխավորի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Չորրորդ հորիզոնականում Էլինար Վարդանյանն է: Առաջին տասնյակում են նաև Անդրանիկ Թևանյանն ու Ստեփան Մարգարյանը:

Դաշինքի առանցքային դեմքերից մեկը՝ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզվեց, զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանն է այդպես ցանկացել․ - «Որովհետև համոզված է, որ 11-րդ տեղը ևս անցողիկ տեղ է: Իր նախընտրած թիվն է եղել դա»:

Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, այս դաշինքը մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը չբացահայտեց իր տասնյակին:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սեյրան Օհանյանին․ - «Բնականաբար, առաջին համարն է լինում վարչապետի թեկնածուն»:

Դաշինքի ցուցակում տեղ է գտնել նաև կալանավորված Անդրիաս Ղուկասյանը․ - «Ղուկասյանը ցուցակում է, և բացի դա, նաև այսպես կոչված ռեյտինգային տարբերակով առաջադրվելու է չորրորդ ընտրատարածքում, որը ներառելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները»:

Հարցին, թե ընդգրվելու է արդյոք Արթուր Սարգսյանը («Հաց բերող»), Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Ուղղակի չի ցանկացել, որովհետև մեծ սիրով, բնականաբար, մենք կցանկանայինք, որ ինքը լիներ: Ճիշտն ասած, ես մի փոքր վաղ մեր Հիմնադիր խորհրդարանի գործընկերի հետ շփվել էի այդ հարցով, բայց քանի որ իրենք չեն մասնակցում, հասկանալի պատճառներով այդ առաջադրումը չեղավ»:

Դաշինքը ընտրությունների է գնում «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով․ - «Դաշինքը ձևավորվել է պետական փորձառու գործիչների ջանքերով, նրանց քաղաքական ուժերով: Այստեղ պետական կառավարման փորձը, կամքը և ցանկությունը բարեփոխելու առկա է: Շանսերի մասին, կարծում եմ, վաղ է խոսելը, որովհետև քարոզարշավը շատ բան կարող է փոխել: Եվ քարոզարշավի ընթացքում շատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ․․․ Ես կարող եմ ասել, թե մեր ակնկալիքները որքանով են հիմնավորված: Հիմնավորված են այնքանով, որ Հայաստանում եզակի նախընտրական դաշինք է ձևավորվել, որտեղ երեք պետական մեծ փորձառություն ունեցող գործիչներ միասին Հայաստանը այս վիճակից դուրս բերելու ոչ միայն ցանկություն ունեն, այլ կոնկրետ ծրագիր ունեն և կամք ունեն այդ ամենը իրականացնելու: Առավել ևս, որ որոշակի իմաստով սա համահայկական ցուցակ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG