Կառավարությունը այսօր նշանակեց իր ներկայացուցիչներին «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման հիմնադրամի» խորհրդում։ Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց 3 անդամի փոխարեն նշանակել 2-ին, ևս մեկին նշանակել ապրիլյան ընտրություններից հետո։
«3-րդ տեղն առաջարկում ենք այս պահին չլրացնել և Ազգային ժողովի ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի կառավարության կողմից 3-րդ անդամը ներկայացնի ընդդիմադիր խմբակցություն», - ասաց Հարությունյանը։
Հայաստանի աշխատող քաղաքացիներից ամեն ամիս պարտադիր գանձվող 1000 դրամների հիմնադրամի խորհրդում որպես կառավարության ներկայացուցիչներ նշանակվեցին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը։
Թեև գումարը քաղաքացիներից գանձվում է հունվարից սկսած, համապատասխան հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է։ Դրա խորհրդի անդամներից ևս 3-ին պետք է նշանակի Կենտրոնական բանկը, ապա արդեն նշանակված 3 անդամները կնշանակեն ևս 3 հոգու։
Մինչ այդ, հարկատու քաղաքացիներից պարտադիր գանձվող 1000 դրամները փոխանցվում են Կենտրոնական գանձապետարան։