2008թ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի հետ կոալիցիա կազմած՝ այն ժամանակ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարում է, որ իր ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ձևավորել ցանկացած ուժի՝ այդ թվում իշխող Հանրապետականի հետ։
«Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք մի դեպքում, եթե մենք ունենանք որոշումներ կայացնելու վրա ազդեցություն»,- այսօր լրագրողներին ասաց Բաղդասարյանը: ՕԵԿ-ի և մի քանի այլ ուժերի մասնակցությամբ կազմված և այժմ «Հայական վերածնունդ» կոչվող կուսակցությունն ապրիլին կայանալիք ընտրություններում, սակայն, նախևառաջ, ձգտելու է ընդդիմադիր ուժից վերածվել իշխանության։ Թե որքանով դա կհաջողվի ՀՎԿ-ին, Բաղդասարյանը չգիտի։
«Ինչքան Աստված կտա։ Մենք ընդդիմադիր ենք ձևավորված քաղաքական համակարգին, մենք ընդդիմադիր ենք Սերժ Սարգսյանին ու նրա իրականացրած քաղաքականությանը՝ բազմաթիվ ուղություններով»,- լրագրողներին ասաց ՀՎԿ ղեկավարը:
Վերջինս պնդում է՝ բնակչության 99 տոկոսն այսօր ընդդիմադիր է: Բաղդասարյանը, սակայն, չի շտապի հայտարարություն անել ընտրությունների՝ կեղծված լինելու մասին, եթե անգամ հանրապետականը հաղթի: «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», այս կարգախոսով խորհրդարանական ընտրություններին գնացող ՀՎԿ-Ն այսօր հրապարակեց իր ռեյտինգային և համապետական ցուցակը, որում ընգրկված է 300 անուն՝ ընդ որում, առաջին տասնյակում նաև նոր մարդիկ կան։
Նախընտրական շտաբի պետ «Հայկական վերածնունդ»-ը չի ունենա, գործընթացը կհամակարգի կուսակցության մի քանի անդամներից բաղկացած խորհուրդը։ Հանրապետականների հետ կոալիցան չբացառող Արթուր Բաղդասարյանը նաև քննադատության ենթարկեց իշխանության վարած այսօրվա քաղաքականությունը, հայտարարելով կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի ու միլիոնավոր դոլարների յուրացման մասին։
2008-ի մարտի արյունալի իրադարձություններից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնության շրջանակներում ԱԱԽ-ի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանը շարունակում է պնդել՝ Մարտի 1-ի համար իր կուսակցությունը պատասխանատու չէ։
«Հայկական վերածնունդ»-ը անցյալ շաբաթ սուր քննադատության արժանացավ կուսակցության համագումարում հնչած որոշ ելույթների պատճառով: Բաղդասարյանը կուսակիցների «կաշիները քերթելու», իսկ Հեղինե Բիշարյանը կուսակցությունը վարկաբեկողների «աչքերը հանելու» սպառնալիքներ էին հնչեցրել։ Արթուր Բաղդասարյանն այսօր հորդորեց ուղիղ իմաստով չհասկանալ այդ հայտարարությունները։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց՝ Հայաստանում կան նավթի պաշարներ։ ՀՎԿ-ի ղեկավարը, սակայն, նավթով հարուստ տեղանքը չմատնանշեց: