Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա կուսակցության մասին հարցերին չցանկացավ պատասխանել․ - «Կուսակցական հարցերին թույլ տվեք չպատասխանեմ»:
Իսկ քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ ասաց, թե այն, ինչ այսօր անում է, քարոզարշավ է:
Գյուղատնտեսության նախարարն այսօր նախորդ երկու ամիսներն էր ամփոփում։ Նրա խոսքով, կենդանիների պատվաստանյութերի վրա գումար են տնտեսել, խնայել են պարարտանյութերի սուբսիդավորմանն ուղղված միջոցները․ նախորդ տարվա 2 միլիարդ 110 միլիոն դրամ փոխարեն սուբսիդավորմանը կուղղվի 900 միլիոն դրամ։ Տնտեսած միջոցների հաշվին, սակայն, գյուղացիներին տրամադրվող պարարտանյութի գինը չի նվազի, այլ կմնա նույնը՝ մեկ պարկի համար 6000 դրամ։
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօր ավելի նպատակահարմար է գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ աջակցություն տրամադրենք, քան շարունակենք պարարտանյութի սուբսիդավորումը տանել դեպի նվազումը: Մանավանդ որ այս սուբսիդավորվող քանակը այն քանակը չի, որ ծածկում է ամբողջ հանրապետությունը: Դա սահմանափակ քանակությամբ հողերի համար է հատկացվելու», - պարզաբանեց նախարարը:
Արդեն երկու տարի է չի վճարվում նաև խաղողագործների պարտքը։ Նախարարության տվյալներով, գինի ու կոնյակ պատրաստող ընկերությունները 1 միլիարդ 467 միլիոն դրամ են պարտք։
Գյուղատնտեսության նախարարը հավաստիացնում է այս պարտքը մինչև ամառ զգալիորեն կնվազի։ «Վինար» ընկերության հարցով նախարարությունն ավելի վաղ դատախազություն էր դիմել․ - ««Վինար» գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կապարակնքել է, պահեստավոր է, առանձնացրել է և տվել է մի քանի օր ժամանակ «Վինարին»՝ իրացնելու: Եթե չիրացվեց, ուրեմն նախորդ տարվա մեթոդով մենք նորից կխնդրենք որևիցե ընկերության, որը կգնի դա, և համապատասխան վճարումները կկատարենք բոլոր մնացած գյուղացիներին: Այդ քանակը բավարարում է, որպեսզի մենք փակենք ամբողջ պարտքը «Վինարի»: Անգամ ավելի է: Այնպես որ, դա, իմ կարծիքով, լավ նորություն է», - ասաց Առաքելյանը:
«Վինարը», հիշեցնենք, 2015-ից չի վճարել Արարատի մարզի Քաղցրաշեն ու հարակից Այգեզարդ, Այգեպատ գյուղերի բնակիչների պարտքը։ Գյուղացիները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում ու ճանապարհներ փակում։ Մեկ անգամ չէ նաև, որ Կառավարության դիմաց են հավաքվել:
«Ազատության» հետ զրույցում քաղցրաշենցիներն ասացին, որ այնքան երկար են սպասել, որ հիասթափվել են։ Նրանք նաև դժգոհ էին դիզվառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորման կրճատումից։
«Կառավարության փոխվելը ոչ մի բան չփոխեց իրենց մեջ: Նույնի շարունակությունն ա: Իրա խոսալը ոչ մի բան այսօր իրականության հետ կապ չունի՝ կապված պարարտանյութի հետ, կապված գյուղտեխնիկայի հետ», - ասաց նրանցից մեկը:
Գյուղացիներն ասում են՝ վարկերի ու պարտքերի տակ կքած են։ Վարկավորման հարցը, ըստ նախարարի, ամենաբարդն է։ Իգնատի Առաքելյանը դեռ չգիտի, ինչպես անել, որ գյուղացուն էժան տոկոսադրույքներով վարկեր տրամադրվեն։ Դեռ քննարկման փուլում ենք՝ ասաց․ - «Լուծում չունեմ: Չեմ հասկանում ինչ կարելի է անել, որովհետև դա այդքան Գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ, ինչքան բանկերի, Կենտրոնական բանկի: Այդ հարթակում պետք է հարցը լուծվի»: