ԵՊՀ ուսանողներից մեկը հետաքրքվեց, թե որտեղ է իրեն տեսնում Կարապետյանն ապրիլի 2-ից հետո։
Վարչապետի պատասխանը․ - «Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր այն տեսլականին, թե մենք ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը Հանրապետականը ձեռք բերի, որպեսզի ինքը նշանակի, ընտրի Կառավարություն, կարծում եմ, որ Հանրապետականը այսօրվա գործող Կառավարության թիմին կտա հնարավորություն շարունակելու»:
Մյուս ուսանողի հարցն արժանանում է ծափողջյունների․ - «Հանրապետությունում քաղբանտարկյալներ կա՞ն»:
«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Ուսանողը շարունակեց՝ արժանանալով նոր ծափողջույնների․ - «Ներեցեք, իսկ Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը կամ Արթուր Սարգսյանը ո՞վ են Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ քաղբանտարկյալներ»:
Վարչապետի կարծիքով, կանոնավոր պետություն ունենալու համար անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին համակրանքը։ Հանրապետական Կարապետյանը հավաստիացնում է՝ օրենքները խախտելու ինդուլգենցիա ոչ ոք չունի․ - «Այլ խնդիր է, որ մենք մեկ-մեկ կարող ենք օրենքները մեկնաբանել, մեկ-մեկ օրենքները մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա»:
Հաջորդ հարցը՝ պարտադիր գանձվող 1000 դրամները զինծառայողներին կհասնե՞ն:
Վարչապետը պատասխանեց․ - «Մենք փորձել ենք այն մաքսիմալ թափանցիկ կառուցել: Կառավարիչը Կենտրոնական բանկից ձևավորված օղակ է լինելու, մաքսիմալ թափանցիկ ինքը հաշվետվություն է տալու»:
1000 դրամները նպատակին ծառայեցնելը մի կողմ, բայց նաև ծառայածները խնդիր ունեն։ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներից մեկը դժգոհում է՝ զինգրքույկում համապատասխան նշումը բացակայում է։ Վարչապետը խոստանում է հարցն ուսումնասիրել։
Հարցին, թե թափանցիկ է գործելու արդյոք կենսաթոշակային ֆոնդը, Կարապետյանն արձագանքեց, թե նախատեսում են կենսաթոշակային ֆոնդի շրջանառությամբ երկրի ներսում հարցեր լուծել․ - «Հիմա այդ Կումայրի զարգացման ֆոնդը մի քիչ ուզում ենք մեծացնել, Երևանն ու Վանաձորը մեջը մտցնել, որպեսզի հայ զբոսաշրջության հետ կապված խնդիրներ լուծել: Բավականին հետաքրքիր փուլ է հավաքվելու ինվեստիցիաների, և Կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարները մենք փորձելու ենք աշխատացնել մեր երկրի ներսում»:
Համապետական խնդիրներից զատ, ԵՊՀ ուսանողներն առաջ քաշեցին նաև ներքին՝ համալսարանական հարցեր․ բարձր առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողների համար զեղչ են պահանջում։
Վարչապետի հավաստիացումն է՝ իր թիմը շահագրգռված է, որպեսզի բարձր առաջադիմությամբ ուսանողները զգան Կառավարության վերաբերմունքը։ Ինչպիսին կլինի այդ վերաբերմունքը, Կառավարության ղեկավարը խոստանում է ձևակերպել մոտ օրերում։