Մատչելիության հղումներ

ԱԻՄ-ի ցանկանում է միանալ «Ելք» դաշինքին


Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) կողմնորոշվել է՝ ելքը, ըստ նրանց, «Ելք» դաշինքին միանալն է։

Այսօր կուսակցության նախագահությունը որոշեց «Ելք» դաշինքին միանալու ուղերձ հղել։ Կուսակցությունը, պարզվում է, դեռ նոյեմբերին է նման մտադրություն ունեցել։ ԱԻՄ-ը «Ելք»-ի անդամ երեք կուսակցություններին այն ժամանակ գրավոր տեղեկացրել է, որ գործակցելու մտադրություն ունի, սակայն պատասխան չի հետևել։

Այսօր արդեն կազմավորված դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները նշում են, որ նոր կուսակցություն դաշինքում ընդունելն առաջ կբերի տեխնիկական խնդիրներ։

ԱԻՄ-ի առաջնորդն ակնկալում է, որ հանուն իրենց հետ գործակցելու «Ելք»-ը կհաղթահարի տեխնիկական խնդիրները:

«Բնականաբար: Եթե դու դաշինքի ես մասնակցում, պիտի, որպես դաշինքի հիմնական ուժ, լինես առաջին, եթե չորս կուսակցություն է, քառյակում․․․ Բայց բավական է, որ որևէ մեկը իմանա, որ այդ ցուցակում կա ԱԻՄ-ը, դա արդեն զգալիորեն փոխելու է դաշինքի նկատմամբ վերաբերմունքը: Նույնիսկ չորրորդ հորիզոնականը անձամբ ինձ համար խնդիր չի, բայց ԱԻՄ-ականները կարող է դա համարեն արդեն նսեմացում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ-ը մինչև այս, մեկ այլ՝ Օսկանյան - Օհանյան դաշինքի անդամ էր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի գալուն զուգահեռ, Հայրիկյանի, Վիկտոր Դալլաքյանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները դաշինքում չընդգրկվեցին։

Հայրիկյանի բացատրությամբ՝ ինքը գաղափարական տարակարծությունը նախընտրելի էր համարում՝ կարծելով, որ լայն դաշինք կկազմեն, բայց իր բնորոշմամբ՝ «եսակենտրոնությունն ու չար ուժերը վճռորոշ դերակատարություն ունեցան»․ - «Եթե ստեղծում ես դաշինք, ու հետո դրա մեջ երեքը չեն լինում, դրա փոխարեն գալիս է մեկը, որը էլի լիարժեք չի գալիս․․․ Ի վերջո այսօր «Ժառանգություն» ասելով մարդիկ հասկանում են Զարուհի Փոստանջյան՝ առաջին հերթին: Այնպես որ, նրանք շատ բան կորցրին: Հետո երևի կհասկանան»:

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, ԱԻՄ-ի առաջարկը ժամանակավրեպ է․ - «Այլ դաշինքի կազմում են եղել, որը իրանց հարիր էլ չի, իրանց գաղափարներին: Հիմա էնտեղ չի ստացվել, դուրս են էկել, հիմա ասում են՝ գանք ձեր դաշինք, ինչը տեխնիկապես ուղղակի անհնարին ա․․․ Էդ քննարկումները սկսել նորից, ամեն ինչ զրոյից սկսել: Խնդիրը իննսուն տոկոսով ժամանակի ու տեխնիկական է»:

Մարուքյանն ասաց, որ միանալու հայտն ավելի վաղ ստանալու դեպքում կկարողանային գոնե քննարկել հարցը, իսկ հիմա անգամ քննարկել չեն կարող:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ԱԻՄ-ից նոյեմբերին նամակ ստացել, սակայն դրանց զուգահեռ ականատես են եղել, թե ինչպես է Հայրիկյանի ղեկավարած կուսակցությունը բանակցում այլ ուժերի հետ․ - «Դրանից հետո Պարույր Հայրիկյանը միացել է այլ դաշինքի և հայտարարել է, որ «Համախմբման» հետ համագործակցություն կա, և այդ առաջարկները մնացել են նամակների վրա»:

Ավելի ուշ Պարույր Հայրիկյանը «Ազատությանն» ասաց, որ «Ելք»-ից մերժում ստանալու դեպքում որոշել են ընդհանրապես չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ կուսակցությունների ու դաշինքների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։

XS
SM
MD
LG