Իշխող Հանրապետականի հետ 2 անգամ կոալիցիա կազմած, իսկ անցած տարի քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրած Դաշնակցությունը վստահ է՝ իշխանության հետ համագործակցությունը կուսակցության վարկանիշի վրա էականորեն չի ազդել։ Ավելին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը կարծում է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում Դաշնակցությունը կունենա ծանրակշիռ ներկայություն։
«Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող Դաշնակցությունն այսօր հրապարակեց տարածքային ու համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում հին ու հայտնի դաշնակցականներ են՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզան Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը:
Վարդանյանի համոզմամբ, Դաշնակցության հետևողական աշխատանքի շնորհիվ կառավարությունն այսօր շեշտը դրել է այն խնդիրների վրա, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնել է իրենց կուսակցությունը։ Դաշնակցականները վստահ են՝ երկրում փոփոխությունների լուրջ գործընթաց է սկսվել․ - «Իսկապես մեր երկրում այսօր բան է փոխվել․ վերցրեք կառավարության ծրագիրը, վերցրեք կառավարության գործունեությունը, վերցրեք այդ կառավարության մեջ մեր նախարարների ամենօրյա աշխատանքը, և իսկապես տարբեր ուղղություններով սկսվել է լուրջ որակական փոփոխությունների գործընթաց: Սա է՝ բոլոր ուղղություններով»:
Դաշնակցության համապետական ցուցակը գլխավորող, մոտ 20 տարի պատգամավորի մանդատ ունեցող Արմեն Ռուստամյանի պնդմամբ, երկրում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, իսկ նոր Սահմանադրությունն, ըստ Ռուստամյանի, ինքնըստինքյան կապահովի այդ իշխանության ձևավորումը․ - «Մի գլխավոր հարց է լուծվել այս համակարգի փոփոխությամբ․ այլևս հաղթողը չի կարող ստանալ ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, որը պայմանավորված էր նախագահի ընտրությամբ, որովհետև մի հոգի էր ընտրվում և ունենում էր ամբողջական իշխանություն: Հիմա այդ մի հոգին չկա, այլևս գոյություն չունի»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Դաշնակցությունը նոր որակի իշխանություն պատկերացնում, երբ իշխող Հանրապետականի տարածքային ցուցակում հին, քրեական ու օֆշորային սկանդալների մեջ շոշափվող անուններ են, Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց դիտարկել հանրապետականների համապետական ցուցակը․ - «Կարծում եմ՝ որակական փոփոխության նշաններ, առնվազն, կան: Բայց ընտրություններ են՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, իր թիմերը: Ասեմ ավելին՝ ես ներքին զգացողություն ունեմ, որ տարածքային թեկնածուներից ոչ բոլորն են հայտնվելու պառլամենտում»:
Դաշնակցությունը ներկայացրել է 170 հոգանոց համապետական ցուցակ, թեկնածուներից 150-ը ընդգրկված են նաև տարածքային ցուցակներում, նրանցից 45-ը անկուսակցական են։ Արմավիրի տարածքային ցուցակում պատգամավորության տեղի համար կպայքարի նաև Դաշնակցության համապետական ցուցակում ընդգրկված Արծվիկ Մինասյանը։ Բնապահպանության նախարարը կգլխավորի նաև Արմավիրի նախընտրական շտաբը: Դաշնակցական մյուս տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն էլ կզբաղեցնի Երևանի թիվ 1 ընտրատարածքի շտաբի պետի պաշտոնը։
«Միանգամից ասեմ, որ մեր նախարարները, ովքեր պատասխանատու են, այս գործով մինչև ընտրարշավը զբաղվում են աշխատանքից հետո՝ ժամը 6-7-ից հետո: Չշահարկեք», - այս առնչությամբ ասաց Աղվան Վարդանյանը:
Ի դեպ՝ Դաշնակցության համապետական ու տարածքային ցուցակում չի ընդգրկվել ՀՅԴ բյուրոյի կարկառուն ներկայացուցիչ, ՀՀՇ իշխանության օրոք բանտարկված Հրանտ Մարգարյանը։