«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է ինքը դառնալ վարչապետ, և նոր Սահմանադրության ընդունումը հենց դրա համար էր։
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը թե՛ իր թիմին, թե՛ ընդհանրապես հանրությանը փորձում է համոզել, որ Ղարաբաղի հարցով միակ բանակցողը և ճիշտ բանակցողը և ամենանվիրյալ մարդը ինքն է, և ինքը, ամեն դեպքում, փորձում է հնարավորության դեպքում իր ձեռքում պահել բանակցողի իրավունքը։ Իսկ բանակցողի իրավունքը, նոր Սահմանադրությամբ, ապագա վարչապետինն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։
«Հանրապետության» կուսակցության առաջնորդը նշում է՝ ինչքանով որ տեղյակ է Հանրապետականի ներքին խոհանոցից, մինչև Կարեն Կարապետյանին նշանակելը Սերժ Սարգսյանը մտադրություն ուներ վարչապետի պաշտոնում նշանակել Վիգեն Սարգսյանին․ - «Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար նշանակելու խնդիրն ուղղակի մեկ օրվա ընթացքում է լուծվել, երբ որ չի կարողացել այդ խնդիրը լուծել, երբ որ Մոսկվայից գործուղվել է Կարեն Կարապետյանը, և ստիպված է եղել նրան նշանակել։ Այս առումով՝ Կարեն Կարապետյանի ցուցակում չլինելը, հիշելը, որ նա գրանցում չունի և չի կարող մասնակցել, ուղղակի զուտ պատրվակ է, ինչը շատ ձեռնտու է Հանրապետականին: Դա երևում է նաև Հանրապետականի լրատվական միջոցների վերաբերմունքից Կարեն Կարապետյանի հանդեպ, դա ակնհայտ է»։
Ճշտող հարցին, թե Սերժ Սարգսյանը չի՞ ցանկանում, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց. - «Համենայն դեպս, ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ուզում էր, որ Վիգեն Սարգսյանը լինի վարչապետ՝ մինչև ընտրություններ, բայց Կարեն Կարապետյանին նշանակեց։ Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է ինքը դառնալ վարչապետ, և նոր Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը հենց դրա համար էր։ Ես չեմ բացառի, որ ընտրություններից հետո, եթե իհարկե իրենք հաջողեն, եթե իրենք փորձեն անել այն ամենը, ինչ ուզում են, նորից Սերժ Սարգսյանը կուզենա, համաձայն կլինի նաև, որ վարչապետ լինի Վիգեն Սարգսյանը, ինքը դառնա, ասենք, նախագահ՝ այս նոր օրենքով, և այլն։ Բացառված տարբերակներ չեն, ժամանակը ցույց կտա, թե տարբեր քաղաքական դասավորությունների դեպքում ինչպիսի հնարավորություն կունենա Հանրապետականը»։
Իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։