Մատչելիության հղումներ

«Նաիրիտը»-ը կլուծարվի


«Նաիրիտ» գործարանը, արխիվ
«Նաիրիտ» գործարանը, արխիվ

Գործարանի նախկին աշխատողները տարակուսած են՝ մի կողմից կառավարությունը քիմիական հսկան վերագործարկելու մրցույթ է հայտարարում, մյուս կողմից՝ «Նաիրիտ»-ը լուծարվում է:

«Նաիրիտ»-ի առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այն շուտով կլուծարվի»: Այսօր դատարանում նման հայտարարություն արեց գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը։ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ սնանկության հայտարարումից հետո պարտատերերի առաջին ժողովը: «Նաիրիտ» գործարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցի հիման վրա սնանկ էր ճանաչվել դեռ նախորդ տարվա նոյեմբերին։

Ամենախոշոր պարտատերերը՝ Ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Երևանի ՋԷԿ-ը, «Գազպրոմ Արմենիա» և «Նաիրիտ 2» ընկերություններն այսօր ընդգրկվեցին պարտատերերի խորհրդում։ «Նաիրիտ»-ն, ընդհանուր առմամբ, պարտք է 292 ընկերության և անձի։ Այս ցուցակը կարող է համալրվել, քանի որ նախկին աշխատողները դատարան են դիմել՝ պահանջելով աշխատավարձերի ուշացման հետ կապված տույժ-տուգանքների վճարում:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ում ևս գործարանն աշխատավարձ է պարտք, ընկերություններին հորդորեց «Նաիրիտ»-ը վերջնական լուծարման չտանել ու հետաձգել ժողովը, որպեսզի շահագրգիռ կողմերը կարողանան առողջացման իրենց ծրագրերը ներկայացնել։ Սնանկության կառավարիչը շտապեց հակադարձել՝ օրենքով այդպիսի հնարավորություն արդեն չկա։ Վրջինիս խոսքով, սակայն, լուծարում՝ դեռ չի նշանակում գործարանի փակում։

«Արդեն առողջակցման ծրագիր ներկայացնելու իրավունք չկա, արդեն պետք է սկսվի լուծարման գործընթաց, ըստ օրենքի: Դա նշանակում է գույքի օտարում, պարտքերի մարում․․․»,- Իսրայելյանի այս արձանագրմանը սնանկության կառավարիչը պատասխանեց՝ որոշակի պայմանների առկայության դեպքում գործարանի առողջացումը հնարավոր է նաև լուծարման գործընթացում:

Այսօրվա ժողովին նաև գործարանի նախկին աշխատողներն էին ներկա։ Նրանց խոսքով, «Նաիրիտ»-ում հիմա նաև այն ապրանքն է գույքագրվում, որն անհրաժեշտ է գործարանում արտդրության կազմակերպման համար: Նաիրիտցիները տարակուսած էին՝ մի կողմից կառավարությունը քիմիական հսկան վերագործարկելու մրցույթ է հայտարարում, մյուս կողմից՝ «Նաիրիտ»-ը լուծարվում է։

Նաիրիտցիների ցույցերը համակարգող խումբը նախորդ շաբաթ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ նամակ էր պատրաստել և ուղարկել կառավարություն, որում գործարանն աշխատեցնելու համար քայլեր ձեռնարկելու կոչ էր արված։ Այդ նամակը, սակայն, վերահասցագրվել էր գործարանի ղեկավարությանը։ «Ոչինչ չի քննարկվում, ոչինչ հաշվի չի առնվում, և՛ ներդրողի հայտը՝ էդ ժամանակամիջոցում ներկայացված, և՛ կուսակցությունների դիմումը»,- դժգոհեցին նաիրիտցիները:

Կուսակցությունների կողմից պատրաստված նամակը, ինչպես նաև Էներգետիկայի նախարարության հայտարարած մրցույթի հայտերը սնանկության գործով կառավարչին են փոխանցվել։ Այս հարցերի մասին, սակայն, Կարեն Ասատրյանն այսօր նախընտրեց չխոսել։ Ասաց՝ ժողովի թեման սնանկության գործն է ու ինքը միայն այդ հարցի համար է պատասխանատու։ «Ինչ վերաբերում է կառավարությանը, խնդրեմ՝ հարցերն ուղղեք կառավարությանը, ես սնանկության կառավարիչ եմ»,- ասաց Կարեն Ասատրյանը:

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունն, ի դեպ, սնանկությանը հաջորդած այս ժողովին ներկա չէր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG