Մատչելիության հղումներ

Վարդանյան. «Երբեք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք կցորդ չենք դառնալու»


Խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը (ՀՅԴ) կգնա միայնակ, և ցուցակը կգլխավորի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն ուժեղ է, գիտի՝ ինչ է անում, ինչ է արել և ինչ է անելու։

Վարդանյան. - Այո, մենք ունենք շատ լավ թիմ, եթե անհրաժեշտ է, ասենք, մոտավորապես 165 տարածքային թեկնածու, մենք կունենանք, թերևս, երևի 150-155 թեկնածուներ բոլոր տարածքներում, և մեր ցանկը կլինի շատ ներկայանալի, և մենք այսօր շատ վստահ ենք զգում, որովհետև գիտենք՝ ինչ ենք անում, գիտենք՝ ինչ ենք արել մինչև այսօր և ինչ ենք անելու։ Երբեք մենք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք մենք կցորդ չենք դառնալու: Դաշնակցությունը թերևս միակ իսկապես համակարգային քաղաքական ուժն է, օրգանական քաղաքական ուժն է, որը ունի սկզբունքներ։

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, Դաշնակցությունը գնում է ընտրությունների որպես իշխանական ուժ․․․

Վարդանյան. - Մենք այսօր ունենք քաղաքական համագործակցության համաձայնագիր, և բնական է՝ մենք այսօր իշխանության մաս ենք կազմում, բայց իշխանության մաս գնալը արատ չի, արատ է այն, երբ որ դու ասում ես բան ու հակառակն ես անում, երբ որ դու հայտարարում ես մի բան, հետո հակառակն ես անում։ Մենք այսօր գործ ենք անում, կոնկրետ գործ, որի արդյունքները նշմարելի են, տեսանելի են, և որոնք շարունակվելու դեպքում շատ ավելի արդյունավետ կլինեն, և բոլորը դա կզգան։ Միշտ կլինեն բողոքավոր մարդիկ, որոնք միշտ կդժգոհեն, բայց ես վստահ եմ, որ այս սկսած, նոր սկիզբը դրված այս փոփոխությունները որակական շատ կարճ ժամանակում նաև հասարակության լայն շերտերի վրա են ազդելու: Մենք սրանով ենք գնում ընտրությունների, մենք գնում ենք այս գործը շարունակելու, ոչ թե խոստումներ տալու, հետո գալու, ասելու՝ խոստումները չկատարեցինք։

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, նախապես հայտարարություններ էին հնչում Դաշնակցության կողմից, որ ընտրություններից հետո կրկին հուշագիրը կստորագրվի Հանրապետականի հետ, համագործակցությունը կշարունակվի։

Վարդանյան. - Միշտ ասել ենք, մենք նման բան չենք ասել, մենք ասել ենք՝ մեր համագործակցությունը երկարաժամկետ է, մնացածը կորոշի հասարակությունը, մեր քաղաքացիները. եթե մենք կունենանք հնարավորություն՝ շարունակելու այս որակական փոփոխությունները, բնականաբար, կշարունակենք։ Մենք չենք ասում՝ մենք ընտրություններից հետո դառնալու ենք ընդդիմություն։ Գիտե՞ք, Դաշնակցության համար ընդդիմություն-իշխանություն լինելը երբեք ինքնանպատակ չի եղել։

«Ազատություն». - Բայց ընտրություններից հետո կհամագործակցե՞ք Հանրապետականի հետ։

Վարդանյան. - Կապված արդյունքներից՝ ինչ է լինելու։ Ընտրություններն ավարտվելու են, պատկերը, խճանկարը պարզվելու է՝ որ քաղաքական ուժն ինչ կշիռ ունի։ Ես համոզված եմ, որ Դաշնակցությունը շատ ավելի ռեալ, շատ ավելի մեծ ներկայություն է ունենալու, և այդ ժամանակ պիտի հաշվել՝ կարողանո՞ւմ ենք մենք շարունակել այս բարեփոխումները՝ հիմքը դնել, հնարավո՞ր կլինի երկու քաղաքական ուժով մեծամասնություն կազմել՝ այդպես կլինի, հնարավոր չի՞ լինի՝ գուցե մեկ ուրիշ տարբերակ կաշխատի, սրանք գնահատականներ են, որ...

«Ազատություն». - Իշխանության հետ համագործակցությունը ձեր վարկանիշի վրա, փաստորեն, չի ազդել, Ձեր կարծիքով, այլ հակառակը...

Վարդանյան. - Ես չեմ բացառում, որ ինչ-որ չափով ազդել է, բայց ես համոզված եմ, որ շատ ավելի՝ իշխանության մաս լինելը և կոնկրետ գործ անելը նաև ավելացրել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG