Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատուներից Աննա Հակոբյանը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին չաշխատել «Ժառանգության» համար:
«Եթե «Ժառանգությունը» չի ներկայացել ընտրություններին ինքն իրենով՝ զուտ մաքուր, զտված «Ժառանգություն», ես այդ ընտրություններին չեմ մասնակցելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:
«Ժառանգության» Կապանի և Սիսիանի կառույցները հունվարի վերջին դիմել էին կուսակցության վարչությանը, թե համաձայն չեն Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը՝ «քանի որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականության նկատմամբ»: Նաև առաջարկում էին միավորվել և համագործակցել բացառապես այն ուժերի և անհատների հետ, որոնք երբևէ մաս չեն կազմել գործող իշխանության, պայքարի մեջ մտնել միայնակ:
Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ կարծիքին է Կապանում «Ժառանգության» համախոհների մեծամասնությունը․ - «Իմ տղան էլ հենա սահմանին կանգնած է: Եթե ապրիլի 2-ին իմ տղան լիներ էնտեղ, ես ինչպիսի՞ վերաբերմունք կունենայի Սեյրան Օհանյանի նկատմամբ․․․ Եթե ինքն է նախարարը, եթե ինքն է հրաման արձակողը իրենց գերագույն հրամանատարից հետո․․․ Եթե իրա ներսում մարդ լիներ՝ մի փշրանք, ինքը հենց ամսի 2-ին, 3-ին, 4-ին․․․ իրա հրաժարականը կտար: Ոչ թե կգար նախընտրական շրջանում ինչ-որ մի առանձին մաս կազմեր ընտրական գործընթացում»:
«Ժառանգության» Սիսիանի կառույցի ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանը, անկախ տարաձայնություններից, կմասնակցի կազմակերպչական աշխատանքներին․ - «Ընտրություններին ավելի ճիշտ կլիներ մասնակցեինք առանձին կամ չմասնակցեինք՝ եթե հնարավորություն չկա ֆինանսական և այլն: Բայց եթե կուսակցության վարչությունը որոշեց, որ պիտի մասնակցենք այս ձևաչափով, մենք էլ այդ ձևաչափով կմասնակցենք: Մնում է հուսալ, որ անձամբ ես սխալվում էի»:
Հովհաննիսյանի մտահոգությունը նույնպես նախկին պաշտոնյաներն են․ - «Ես չեմ հավատում, որ իրանք կարան մի քանի ամսում, այսքան տարի լինելով այդ կառույցում, այսօր ընդդիմադիր լինեն, ներկայացնեն ընդդիմադիր դաշտը»:
Սիսիանի 115 հոգանոց կառույցը վաղը հավաքվելու է՝ քննարկելու ընտրական ցուցակին վերաբերով հարցեր: Հովհաննիսյանի խոսքով, վաղը կերևա՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումից հիասթափվողներ, կուսակցությունը լքողներ կա՞ն, թե՞ ոչ․ - «Ինձ թվում ա, մինչև ընտրություններ լուրջ բան տեղի չի ունենա: Ընտրություններից հետո եթե պարզ դառնա, որ այս քայլը սխալ էր, մենք սխալ ճանապարհով ենք գնացել, ոնց որ 2012-ին «Ազատ դեմոկրատների» հետ միանալով, բնականաբար, տարաձայնություններ կլինեն»:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ, մինչդեռ, ընտրություններին դաշինքով մասնակցելու վարչության որոշումը կուսակցությունում զանգվածային դժգոհություն չի առաջացրել․ - «Դաշինքին միանալուն կողմ է եղել խորհրդի ճնշող մեծամասնությունը: Վարչությունում որևէ դեմ չի եղել, ընդամենը մեկ ձեռնպահ է եղել: Կուսակցության կառույցները պատրաստ են այս պայքարին, և ընդամենը մեկ-երկուսի անձնական մոտեցումը սարքել ամբողջ «Ժառանգության» ներսում ինչ-որ խնդիրներ․․․ սա ճիշտ չեմ համարում: Իսկապես տգեղ է, և մանիպուլյացիայի հոտը շատ է փչում այստեղ․․․ իշխանությունների կողմից և որոշ ընդդիմադիրների կողմից»:
Ընտրություններին դաշինքով մասնակցելուն դեմ էր «Ժառանգության» առանցքային անդամներից Զարուհի Փոստանջյանը: Նա ասել էր, որ եթե նման որոշում կայացվի, ինքը կհրաժարվի լինել ցուցակում։ Կուսակցության որոշմամբ, ի դեպ, Փոստանջյանը Սյունիքի մարզային կառույցի պատասխանատուն է:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ իրենց առաջին կին թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է․ - «Մեր կուսակցությունում այնպես չէ, որ մեկը եթե հակառակ կարծիք ունի, ուրեմն այդ պրոցեսից մեկուսացնում ենք: Իր իրավունքն է ունենալ կարծիք: Եվ նաև պարտականությունն է: Մենք խրախուսում ենք այդ բազմակարծությունը: Եթե ինքը ցանկություն կունենա, պատրաստ է պայքարելու մեզ հետ այս դաշինքով, միայն ուրախ կարող ենք լինել: Այդտեղ որևէ խնդիր չկա: Ինքը ի սկզբանե տեղյակ եղել է, որ, անկախ ամեն ինչից, որ պահին ինքը համաձայնություն կտա ցուցակում լինել, ինքը կլինի առաջին կին թեկնածուն: Այս պահի դրությամբ չի տվել․․․ Ցանկալի կլիներ, որ լիներ, բայց եթե չկա, «Ժառանգությունը» չի կարող սպասել, որ երկրում մյուս տարի լինի արդեն վաթսուն հազար արտագաղթող․․․ և դրանից հետո ո՞ւմ համար է պայքարելու ընդդիմադիր գործիչը, ես չգիտեմ»:
«Ժառանգության» վարչությունը որոշել է կուսակցության համագումար հրավիրել ընտրություններից հետո՝ ապրիլին: Համագումար հրավիրելու պահանջով մի քանի օր առաջ հանդես էր եկել Զարուհի Փոստանջյանը՝ ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցելու ձևաչափը, պատգամավորի կարծիքով, պետք է որոշեր ոչ թե «Ժառանգության» վարչությունը կամ խորհուրդը, այլ համագումարը։