Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, օրինակ, դիտարկելու է վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, վերլուծելու է քվեարկության թվային պատկերը, այլ հասարակական կազմակերպությունների հետ դիտարկելու է քվեարկության ընթացքը տեղամասերում:
Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, սահմանադրական հանրաքվեից ի վեր դիտորդների թիվը եռապատկել են, և այժմ տեղամասերի մոտ երկու երրորդում՝ ավելի քան 1500 տեղամասերում դիտորդներ կունենան, ընդ որում՝ նաև սփյուռքահայ դիտորդներ:
Քաղաքացիական հասարակությունը, սակայն, լավատես չէ․ փոփոխված Ընտրական օրենսգիրքը, էլեկտրոնային գրանցման նոր համակարգը չեն փակում կեղծիքների ճանապարհը:
Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ, իրենք օրերս դիտարկել են նոր համակարգի փորձարկումը Սեմյոնովկայում, և արդյունքը մտահոգիչ էր․ - «Մեր դիտորդները նկատեցին, որ նույն անձը կարողացավ երկու անգամ էլեկտրոնային գրանցման սարքով գրանցվել, որ էլեկտրոնային գրանցման սարքերը ընթերցեցին անձնագրի պատճեն՝ այն ընդունելով անձնագրի տեղ, և այլն»:
Դիտորդները մեծ հույսեր չեն կապում նաև տեսախցիկների հետ, որ 4+4+4 ձևաչափով երկարատև քննարկումներից, ֆինանսավորման հետ կապված խնդիրներից հետո այնուամենայնիվ կտեղադրվեն տեղամասերի մեծ մասում:
«Տեսախցիկի աշխատանքը խափանելու համար որևէ պատիժ նախատեսված չէ», - ասում է Իաոննիսյանը: - «Իհարկե, լավ է, որ տեսախցիկները կան․․․ Բայց մեծ հույսեր կապել տեսախցիկների հետ, պետք չէ»:
Քաղաքացիական հասարակությունը կարծում է, որ հնարավոր կեղծարարության մեծ մասը տեղամասից դուրս է լինելու, սակայն մտադիր են հնարավորինս կանխել այն խախտումները, որ կարող են լինել տեղամասերում:
Թրանսփանանսի ինթերնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան․ - «Եվ հավատալ, որ ընտրությունները մաքուր են լինելու, իհարկե, պետք չէ: Բայց կարևոր է, որ այս դիտորդությունը, նույն այդ տեսանկարահանումը կարողանա ազդել, որպեսզի ընտրողը և կուսակցությունները հասկանան՝ իրենք տեր կանգնո՞ւմ են իրենց ընտրությանը, թե՞ ոչ»:
Մշտադիտարկումներից և ընտրատեղամասերում քվեարկությանը հետևելուց բացի, քաղաքացիական հասարակությունը այս ընտրություններին ընդառաջ կփորձի նաև վերհանել բովանդակային հատվածը․ այսինքն՝ ի՞նչ դիրքորոշում ունեն ընտրությունների գնացող կուսակցությունները Հայաստանի համար շատ կարևոր և հրատապ հարցերի վերաբերյալ:
Տարատեսակ դաշինքների և առճակատումների, նախընտրական շրջանի պոպուլիզմի ֆոնին, հանրությանը հուզող գլխավոր հարցերի պատասխանները չկան, քաղաքացիական հասարակությունը հարցաշար է կազմելու և ուղարկելու է կուսակցություններին՝ ակնկալելով հստակ պատասխաններ:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան․ - «Եվ ուզում ենք բացահայտել նրանց: Ես չեմ ուզում խոսել, թե ընտրությունները դրա հետևանքով ազատ, արդար կանցնեն: Դա լրիվ այլ խնդիր է։ Բայց գոնե եթե ոչ ամբողջ ժողովրդի համար, ժողովրդի այն հատվածի համար, որոնց համար կարևորը փող վերցնելն է, և չեն հետաքրքրվում՝ ասելով, թե ով էլ գա, մեկ ա, ախպեր ջան․․․ Ես դրանք չեմ ասում: Գոնե գիտակից մասի համար բացահայտվի կուսակցությունների իրական դեմքը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ այս ընտրություններում գաղափարների մրցակցություն չկա․ մինչ Հայաստանի առջև օր-օրի ավելի լուրջ արտաքին և ներքին մարտահրավերներ են ծառանում, ընտրութուններին ընդառաջ քննարկվող հիմնական հարցն է, թե ով ում հետ է միանում․ - «Քննարկումը գնում է ոչ թե՝ ով լավագույն առաջարկը կներկայացնի: Քննարկումները գնում է՝ ով ում հետ կարող է միանալ: Միանում են, հեռանում են, սիրում են, ատում են․․․ կարծես այդ ամենը մեր հետ կապ չունի»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ շատ կոնկրետ հարցեր են դնելու քաղաքական ուժերի առջև․ - «Քաղաքական ամենասուր հարցերից մեկը՝ արդյո՞ք կան Հայաստանում քաղբանտարկյալներ: Արդյո՞ք պատկերացնում եք Ղարաբաղյան հարցի լուծումը փոխզիջման տարբերակով: Արդյո՞ք կուզեք, որպեսզի ընդունվի ընտանեկան բռնության մասին օրենսդրությունը: Այո-ոչ-էր, որոնք ամբողջովին բացահայտում են պատկերային դաշտը, լյուստրացիայի նման մի բան են նախատեսում, որը մեզ համար էլ վերլուծության բավական լուրջ նյութ կլինի»: