Մատչելիության հղումներ

Վարդանաշենում փորձարկվեցին ընտրողների էլեկտրոնային գրանցումն իրականացնող սարքավորումները


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

«Շնորհավոր, պարոն գյուղապետ...»․ ընտրությունները դեռ չավարտված գյուղացիներն արդեն շնորհավորում էին Արմավիրի մարզի Վարդանաշենի գործող համայնքապետ և միակ թեկնածու Արթուր Մանուկյանին։

Գյուղապետը չէր հրաժարվում ընդունել շնորհավորանքները։ «Եթե միակ թեկնածուն եմ, չընդունե՞մ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը։

Վարդանաշենը երկու համայնքներից մեկն է, որտեղ այսօր փորձարկվեցին ընտրողների էլեկտրոնային գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումները:

Դրանք այսօր փորձնական, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին արդեն ամբողջովին կկիրառվեն բոլոր տեղամասերում։

«Անձը նախ պետք է այդ տեղամասի ընտրող լինի, որպեսզի նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները բոլորը ճանաչի, բացի և հնարավորություն տա մատնահետք վերցնելու, քվեարկության կտրոն տպագրելու։ Եթե անձը այլ տեղամասի ընտրող է,ապա կվառվի դեղին լույս, իսկ եթե ընտրողն այդ նույն տարածքի մեկ այլ տեղամասի ընտրող է, ապա նաև կերևա, թե նա որ տեղամաս պետք է գնա ընտրելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Էլեկտրոնային սարքը նախ ճանաչում է անձնագիրը, հետո՝ մատնահետքը: Փորձնական կիրառման ժամանակ որոշ դժվարություններ առաջացան մատնահետքերի ճանաչման մասով։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Արթուր Թունյանի խոսքով՝ թերությունները մինչ խորհրդարանական ընտրությունները կկարգավորվեն։

Նոր համակարգը 100 տոկոսով կբացառի կրկնաքվեարկությունները, պնդում են պատասխանատուները։

«Սարքը միանգամից ֆիքսելու է ցանկացած փորձ՝ երկրորդ անգամ գրանցվելու, այսինքն՝ ծրագրային ապահովվումը հնարավորություն չի տալու երկրորդ անգամ տվյալ անձին գրանցել», - ասաց Թունյան։

Նոր համակարգի փորձարկմանը հետևող Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի կարծիքով՝ նոր մեթոդը թույլ կտա բացառել կեղծիքները։«Տեխնիկական խնդիրներ կան, բայց ես համոզված եմ, որ սկբունքորեն սա շատ լավ համակարգ է, սա բարձր տեխնոլոգիա է, որն ընտրատեղամասերում կկանխի որոշ մանիպուլացիաներ։ Ես իսկապես հավատում եմ, որ նոր համակարգը կօգնի Հայաստանին՝ ունենալ ավելի վստահելի ընտրություններ», - ասաց դեսպանը։

Թե ինչո՞ւ փորձարկման համար ընտրվել հենց Վարդանաշենը, ԿԸՀ քարտուղարը պատասխանեց․ - «Համայնքի ընտրությունը փորձել ենք իրականացնել հետևյալ կերպ, որ մրցակցություն չլինի համայնքում, որպեսզի այլ լարվածություն չինի, և եթե անգամ սարքավորումների հետ կապված խնդիրներ կառաջանան, ընտրողների գրանցման հետ կապված պրոբլեմներ կլինեն, ապա դա ընտրությունների արդյունքերի վրա չսպեկտորվի, որովհետև ընտրության արդյունքը և քվեարկության արդյունքը ևս շատ կարևոր է»։

Մրցակցության բացակայությունը միակ թեկնածուն պայմանավորեց իր անձի շուրջ գյուղում եղած հարգանքով։

«Բոլորի վստահության քվեին եմ արժանացել, այդ իսկ պատճառով ընդդիմադիր ուժ չունենք՝ միասնական գյուղ է, միասնական թեկնածուով հանդես է գալիս, բոլորն ինձ հետ են», - ասաց գյուղապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG