Մատչելիության հղումներ

Հրապարակվեցին իշխող Հանրապետականի տարածքային ցուցակները


Գեներալ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Էրեբունու նախկին թաղապետ, պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու քրեական պատմությունների հետ կապվող մի շարք այլ կարկառուն հանրապետականներ չեն առաջադրվելու կուսակցության տարածքային ցուցակներում, որոնք առավել հայտնի են որպես «ռեյտինգային»: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Փոխարենը՝ իշխող Հանրապետականի տարածքային ցուցակում պատգամավորի թեկնածու կառաջադրվի օֆշորային պանամական փաստաթղթերում հայտնված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Քննարկել ենք Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակները: Պետք է ասեմ, որ այնտեղ ընդգրկված են և՛ Ազգային ժողովի պատգամավորներ, և՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ», - ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ կուսակցության համապետական ցուցակն ու նախընտրական ծրագիրը կներկայացնեն առաջիկա չորեքշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG