Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում, Պետեկամուտների կոմիտեի հետ ունեցած քննարկումներից հետո այս եզրահանգմանն է եկել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Պատրաստակամություն էր հայտնվում, որ համատեղ քննենք բանանի շուկայում տիրող իրավիճակը: Ես, բնականաբար, չէի կարող այդ առաջարկից հրաժարվել: Ես իմ եզրակացությունները չեմ թաքցրել և հայտնել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց պատգամավորը:
ՊԵԿ-ի հրավերից հետո Փաշինյանը ծանոթացել է բանանի ներկրման վիճակագրությանը. թե ինչ ընկերություններ, ինչ քանակի բանան են ներմուծում Հայաստան։ Ըստ այդմ, շուկայի գրեթե 90 տոկոսը պատկանում է 2 ընկերությունների՝ «Քեթրին գրուպ» և «Մելատրոպիկ», որոնք, ըստ Փաշինյանի, դե ֆակտո պատկանում են նույն սեփականատերերին․ - «Դե յուրե դրանք տարբեր ընկերություններ են, հիմնադրվել են տարբեր մարդկանց կողմից և դե յուրե իրար հետ մրցակցում են, դե յուրե ապահովում են վիճակագրություն, որ Հայաստանում, տեսեք, իրավիճակ կա: Եվ ես այդ կապակցությամբ հարցադրում եմ հղել Պետական եկամուտների կոմիտեին, ինչին ի պատասխան ասել են, որ դրանք տարբեր մարդկանց են պատկանում և այլն, և այլն»:
«Սա արդեն իսկ խոսում է մենաշնորհի մասին» ասում է պատգամավորը, ապա անցնում 2-րդ հիմնավորմանը․ դեռ անցյալ տարեվերջին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ վստահեցնելով՝ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»։ Ապա պատմեց բանանի ներկրմանը վերաբերող մի ուշագրավ դեպքի մասին: Տնտեսվարողն առանց խնդիրների բանանը ներկրել էր, սակայն խոչընդոտների է հանդիպել Հանրապետության տարածքում։ - «Օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ անհայտ անձինք փորձել էին խոչընդոտել նրա աշխատանքը, բայց տնտեսվարողը ստացել էր աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը», - գրված էր ՊԵԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Սեփական քննչական վարչություն ունեցող եկամուտների կոմիտեն, այս միջադեպի մասին հետագայում այլևս որևէ հաղորդագրություն չտարածեց։ Մինչ այդ, Փաշինյանն է ՊԵԿ ղեկավարից հետաքրքրվել՝ հետաքննեցի՞ն արդյոք այս միջադեպը։ - «Քրեական գործի հարուցումը փաստի առիթով մերժել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ», - պատմեց պատգամավորը՝ շարունակելով, - «Սա շատ կարևոր նրբություն է: Տեսեք՝ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, և ՊԵԿ-ը այն բացառիկ մարմինն է, որը իր կազմում ունի նաև քննչական մարմին: Եվ հետաքննությունը պարզել է, որ այդպիսի դեպք չի եղել»:
Փաշինյանին հաղորդել են, որ հետագայում Պետեկամուտների կոմիտեին դիմած քաղաքացին պարզաբանել է, որ իրեն թվացել է, թե իրեն հետևել են, ապա սպառնացել: Հուզված է եղել։ Գործն անմիջապես կարճվել է։
«Տխրեցրեց և զվարճացրեց միանգամից: Այն հետաքննության նյութերը, որոնք այս թեմայով նախապատրաստվել էին՝ այդ թղթապանակի մեջ 3-4 թուղթ կար դրված, ուրիշ ոչ մի բան: Այսինքն, ինձ համար ակնհայտ է, որ հետաքննություն, ըստ էության, տեղի չի ունեցել: Իրենք ի սկզբանե գիտեին, որ հետաքննելու որևէ բան չկա, ուղղակի այդ հանրային աղմուկը, և այլն, ստիպել է, որ ինչ-որ իրավական ընթացակարգով փակեն, գցեն մի կողմ, կամ էլ մյուս պատճառը, որ՝ պարզապես նրանց ասվել է, որ հանկարծ չփորձեք այդ թեմայով ընդհանրապես մտածել», - պատմեց պատգամավորը:
Փաշինյանը պատահական չի համարում, որ «Քեթրին գրուպը» հիմնադրած, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, որից անմիջապես հետո Պողոսյանը ինքը հայտնեց, որ կարող է առաջադրվել իշխող կուսակցության ցուցակով։
Մենաշնորհները վերացնելու մասին հայտարարած վարչապետ Կարապետյանը, ըստ պատգամավորի, իր անձնական հեղինակությունն էր խաղասեղանին դրել, սակայն ավելի ուշ բացահայտել այլ իրականություն։
«Ուրեմն, եթե վարչապետը չի կարողանում լուծել մի հարց, ուրեմն կա նրանից ավելի զորեղ մի ուժ, որը համապատասխանաբար ավելի կոնկրետ շահեր ունի այդտեղ: Եվ այդ զորեղ ուժը կարող է լինել միայն Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք», - մեկնաբանեց Փաշինյանը՝ հավելելով․ - «Այս և մնացած բոլոր փաստերը վկայում են դրա մասին: Ընդհանրապես բոլոր մենաշնորհները անձամբ իրեն են պատկանում: Այդ՝ Սամվել Ալեքսանյան, Միհրան Պողոսյան, էլի մարդիկ՝ նրանք ընդամենը մենեջերների կամ գործակատարների դեր են տանում»:
Աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ-ի լրատվական բաժնին խնդրեցինք արձագանքել ընդդիմադիր պատգամավորի պնդումներին, դեռևս պատասխան չենք ստացել։