Ստամբուլի ծանր հանցագործությունների 7-րդ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ՀՀ երեք քաղաքացիներին:
Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ, Հայաստանի քաղաքացիներ Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանը և Սերգեյ Միքայելյանը դատապարտվել են կանխամտածված սպանություն համար:
«Միլիյեթ» պարբերականը գրում է, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալները պնդել են, թե Դեմիրջիին սպանելու մտադրություն չեն ունեցել և իրենց նպատակը տունը կողոպտելն է եղել:
«Մեր նպատակը այդ անձանց սպանելը չէր: Նրանց նկատմամբ բռնություն չենք գործադրել, չենք հարվածել: Մեր գործողությունները պետք է որակել որպես գողություն», - թերթի փոխանցմամբ, ասել է ամբաստանյալներից Արթուր Այվազյանը: Նույնպիսի պնդմամբ է հանդես եկել Արամ Հովհաննիսյանը` նշելով, որ միայն գողության նպատակով են տուն մտել և նույնիսկ դիմակներ չեն կրել:
Դատարանը երեք հայաստանցիներին մեղավոր է ճանաչել նաև Հակոբ Դեմիրջիի կնոջ` Սեդա Այդա Դեմիրջիի նկատմամբ կանխամտածված սպանության փորձ կատարելու, զինված թալանի և ուրիշի ունեցվածքին վնաս պատճառելու համար:
Այս գործով կալանավորված երեք մեղադրյալներից բացի, դատական նիստին մասնակցել են նաև ազատության մեջ գտնվող ևս 6 կասկածյալներ: Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեդ Օրալը պահանջել է պատժել նաև հանցագործներին սատարած 6 անձանց: Սակայն դատարանը, բավարար ապացույցների բացակայության պատճառով, կասկածյալներին անմեղ է ճանաչել:
Հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ Հայաստանի երեք քաղաքացիներ մտել էին պոլսահայ տարեց ամուսիններ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Այդա Դեմիրջիի Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարանը, պարաններով կապել էին տանտերերի ոտքերն ու ձեռքերը և հափշտակել տանը եղած թանկարժեք իրերն ու խոշոր գումարը: Աղախինը ոստիկանություն էր կանչել այն բանից հետո, երբ բնակարանի դուռը ոչ ոք չէր բացել, միայն հրշեջների օգնությամբ էր հաջողվել ներս մտնել ու հայտնաբերել կապված ամուսիններին: Կապանքների և ստացած հարվածների հետևանքով Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: