Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսական Sukhoi Superjet 100 ռուսական օդանավերի ձեռքբերմամբ:
Նրա փոխանցմամբ, այդ օդանավերով հագեցած կլինի համատեղ ավիաընկերությունը, որը մտադիր են ստեղծել Ռուսաստանն ու Հայաստանը:
Ըստ Մանտուրովի, Ռուսաստանը կարող է տասը Superjet հատկացնել հայ-ռուսական ավիաընկերությանը։ Նա ասել է, որ հավանական է այդ օդանավերը Հայաստանին տրամադրվեն 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին։ «Ավելի հավանական է, որ 2019-ի սկզբից 2-ից 3 օդանավ հատկացնենք, իսկ հետո դրանց թիվը հասցնենք մեկ տասնյակի», - ասել է Մանտուրովը։
Հիշեցնենք, մի քանի տարի առաջ Հայաստանի երբեմնի ազգային փոխադրող «Արմավիան» հրաժարվել էր այդ օդանավերից։ Sukhoi Superjet-ի արտադրած առաջին օդանավը Հայաստանն էր գնել, «Արմավիան» սկսեց այն շահագործել 2011 թվականին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մտադրություն կար լիզինգով վերցնել նաև երկրորդ Superjet-ը, սակայն 2012-ից «Արմավիան» սկսեց խնդիրներ ունենալ, իսկ 2014-ին սնանկ ճանաչվեց: Սակայն նշենք, որ մինչ այդ «Արմավիան» արդեն հրաժարվել էր այդ օդանավերից:
2011-ից մինչև հիմա լրատվամիջոցները, այդ թվում նաև` ռուսական, հաղորդում են Superjet-երի տեխնիկական խնդիրների մասին:
Պաշտոնյաները դա չեն հերքում և պարզաբանումներ են տալիս: Այս տարվա հունվարին նույն Դենիս Մանտուրովն ասել է, թե այդ օդանավերի հետ կապված խնդիրները թռիչքի անվտանգությանը չեն սպառնում, դրանց շահագործման վրա արգելք չկա:
2012-ից հետո, երբ «Արմավիան» հրաժարվեց այդ օդանավերից, հիմա դրանք Հայաստանում շահագործելու հարցը նորից օրակարգում է։ «Կարող եմ ասել, որ հայաստանցի գործընկերներն իրոք հետաքրքրված են այս ծրագրով, որը մենք ևս հետաքրքիր ենք համարում», - երեկ ասել է Մանտուրովը։
Վերջերս նորից հաղորդվեց Superjet 100-ի խնդիրների մասին։ Անցած տարեվերջին՝ դեկտեմբերին, «Ռոսավիացիա»-ն հանձնարարել էր ստուգել այդ օդանավերի ստաբիլիզատորները։ Անցած տարեվերջին «Աերոֆլոտ»-ը մի քանի չվերթ չեղարկեց օդանավերի խնդիրների հետևանքով։
Այս հունվարին «Յակուտիա» ընկերությունն իր չորս Superjet-ից երկուսի մոտ խնդիրներ հայտնաբերեց։
Քաղաքացիական օդանավերի Sukhoi Superjet ընկերությունը հավաստիացնում է, որ խնդիրները կոնստրուկտորական բնույթի չեն, սիստեմատիկ բնյութ չունեն, մեծ խնդիրներ չեն և առաջանալու դեպքում մի քանի օրում վերացվում են։
Ընկերության ներկայացուցիչը այս տարեսկզբին հայտնել էր, որ վերանորոգվում է այդ օդանավերի ամբողջ պարկի 20 տոկոսը, 80 տոկոսը շահագործման մեջ է:
«Վեդոմոստի»-ն այս նույն թվերը ուրիշ կերպ էր ձևակերպել՝ Superjet-երի հինգից մեկն անսարք է: