Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ բենզինն ավելի կթանկանա


Բենզինի և դիզվառելիքի գները վերջին մեկ շաբաթվա ընթացքում 30 դրամով աճել են՝ հավասարվելով նախորդ եռամսյակի գներին․ համապատասխանաբար՝ մոտ 380 և 350 դրամ:

Չնայած համաշխարհային շուկաներում նավթի գինը վերջին ամիսներին էականորեն չի տատանվել, հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններն այստեղ բենզինի թանկացումը պայմանավորում են հենց միջազգային գործընթացներով:

Բենզին ու դիվառելիք վաճառող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի օգնականն «Ազատությանը» փոխանցեց, որ նավթի միջազգային գնով պայմանավորված՝ բենզինն այստեղ դեռ ավելի կթանկանա։ «Ազատության» հետ զրույցում «Մաքս օյլ» բենզալցակայանների ցանցի հաշվապահ Արմեն Հակոբյանը ևս վերջին թանկացումները կապեց նավթի միջազգային գնի տատանումների հետ:

Հիշեցնենք՝ անցած տարի, երբ համաշխարհային շուկայում նավթի գինը գրեթե կրկնակի նվազել էր, բայց Հայաստանում գները չէին փոփոխվել, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, թե Հայաստանում բենզինի գնի մեջ նավթի կշիռը շատ փոքր է։

Տնտեսվարողները նաև նշում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ բենզինը 320-330 դրամով էր վաճառվում, խոշոր ընկերությունները վնասով են աշխատել։ Այդ մասին բարձրաձայնել էր անգամ «Ֆլեշ»-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ սկսել են ուսումնասիրել վերջին շրջանի թանկացման պատճառները։ «Փետրվարի 2-ին գինը դարձել է 350 դրամ, և հենց նույն օրը հանձնաժողովի նախագահը հանձնարարել է ուսումնասիրել շուկան»,- հաղորդեցին ՏՄՊՊՀ-ից:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե նախկինում գրանցված գնանկումը տնտեսական հանգամանքներով պայմանավորված լիներ, Հայաստանում բենզինի գներն էլ ավելի պետք է նվազեին։ Ըստ նրա, Հայաստանի միակ մատակարար «Ռոսնեֆտ» ընկերությունը փորձել էր ուղղակի աջակցել Հայաստանի կառավարությանը։

«Հաշվի առեք, որ առաջիկա ամիսների ընթացքում բենզինի գները կարող են ավելի աճել, քանի որ նավթի մեկ բարելը շարունակվում է վաճառվել 56-57 դոլարով: Դրան ավելանում է նաև շուկայում մեկ մեծածախ մատակարարի առկայությունը»,- ասաց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG