Ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցելու ձևաչափը պետք է որոշի ոչ թե «Ժառանգության» վարչությունը կամ խորհուրդը, այլ համագումարը, կարծում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով համագումար հրավիրելու պահանջով դիմել է կուսակցության գործադիր մարմնին։
«Ես պատրաստվում եմ համագումարին հանդես գալ ելույթով: Եթե մենք ունենալու ենք հավաքական որոշում, ապա հավաքական որոշումը պետք է կայացնի, կարծում եմ, համագումարը», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Փոստանջյանը:
«Ժառանգության» կուսակցության փոխնախագահից տեղեկացանք, որ կուսակցության որոշման մասին կհայտնեն առաջիկա օրերին։ Արդեն արձագանքելով Փոստանջյանի պահանջին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որի համագումար հրավիրելու կարգը մանրամասն գրված է կուսակցության կանոնադրությունում։ - «Կուսակցության համագումար հրավիրում են վարչության նախագահը, վարչության մեկ երրորդը և խորհուրդների, կառույցների մեկ երրորդը: Նման պահանջ, այս պահին գոյություն չունի: Եթե Զարուհի Փոստանջյանը պահանջում է համագումար, ինքը վարչության անդամ է՝ այդ հարցը կարող է վարչության նիստին բարձրաձայնել», - նշեց նա:
Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ եթե այնուամենայնիվ ապրիլյան ընտրությունների մասնակցության հարցը որոշվի վարչությունում և կուսակցությունը գնա Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ, հնարավո՞ր է ինքը չառաջադրվի այդ դաշինքի ցուցակով։ - «Ես պետք է սպասեմ, տեսնեմ թե ինչպիսի որոշում կունենա վերջիվերջո «Ժառանգությունը»: Իհարկե անմասն չեմ մնալու բոլոր քաղաքական գործընթացներից, և իմ մասնակցությունը և ձևաչափը կհրապարակեմ արդեն «Ժառանգության» որոշումից հետո», - պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:
Փոստանջյանի խոսքով՝ և՛ «Ելք» դաշինքից, և՛ մի շարք այլ ընդդիմադիր միավորներից իրեն առաջարկել են միանալ իրենց, եթե «Ժառանգության» որոշումը չգոհացնի պատգամավորին։ Փոստանջյանը, սակայն, վստահ է մեկ հարցում՝ «Ժառանգություն» կուսակցությունից չի հեռանա: - «Ես բացառում եմ «Ժառանգությունից» իմ հեռանալու մասին լուրերը, որովհետև ես պատահական չեմ եկել «Ժառանգություն»: «Ժառանգությունը» պատահական կուսակցություն չէ, «Ժառանգությունը»՝ դա գաղափար է, և եթե կան մարդիկ, ովքեր հեռացել են «Ժառանգություն» կուսակցության գաղափարից, ես իրենց եմ ճանապարհ դնելու», - հավաստիացրեց պատգամավորը:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար տարօրինակ է «Ժառանգության» երկընտրանքը՝ միանալ «Ելք»-ին, թե Օսկանյան-Օհանյան դաշինքին: Այնուամենայնիվ շարունակում են քննարկումները ընդդիմադիր այդ ուժի հետ։
«Որոշակի տարակուսանք կա մեր շարքերում, թե ինչու է «Ժառանգությունը» հավասարության նշան դրել երկու դաշինքների միջև: Ընդ որում, մեր կարծիքով, գաղափարական առումով «Ժառանգության» տեսանկյունից պետք է լինի «Ելք»-ը, որովհետև գաղափարական որևէ նույնականություն կամ գոնե մոտավոր ինչ-որ մոտեցումներ ես չեմ տեսնում հակառակ կողմում», - նշեց նա:
Միևնույն ժամանակ «Ելք» դաշինքը քննարկումներ է անցկացնում նաև Զարուհի Փոստանջյանի հետ։ Մարուքյանը չի բացառում, որ եթե «Ժառանգությունն» իրենց չմիանա, Փոստանջյանը ընտրություններին գնա «Ելքի» հետ․ - «Զարուհի Փոստանջյանը մեր գործընկերն է՝ որպես պատգամավոր: Քննարկումներ եղել են, և այդ քննարկումները ընթացքի մեջ են, վերջնական որևէ բան չկա, բայց հնարավորություն կա համագործակցության: Եթե մեր մոտեցումները համընկնեն, չի բացառվում, որ այդ համագործակցությունը տեղի կունենա»: